Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ տաքսիների հետ կապված կանխիկի շրջանառությունը պետք է կրճատել եւ միջնաժամկետում վերացնել: «Աշխարհում ընդունված է, որ տաքսիներում նաեւ պոս-տերմինալներ են տեղադրվում: Հիմա էլ անկանխիկ սմարթֆոնների հավելվածներով վճարելու հնարավորությունը կա, բայց սա էլ պետք է մեր հեռանկարում լինի: Այդ հարցում պետք է նաեւ շահառուներին օգնությանը դիմենք: Օրինակ՝ շահառուներին պետք է տանք իրավունքներ, որ եթե նրանք քարտով են երթեւեկում, կանխիկ դրամ չունեն եւ եթե տաքսիներում չկա անկանխիկ վճարելու հնարավորություն, պետք է իրենց որոշակի հնարավորություններ տանք: Դա, մեծ հաշվով, շահառուի պարտավորությունը պետք է չլինի՝ կանխիկ կամ էլեկտրոնային դրամ ունենա, այլ ծառայությունը մատուցողի պարտավորությունը պետք է լինի: Եթե չկա այդ ծառայությունը, ուրեմն շահառուին պետք է տանք իրավունք դե յուրե չվճարելու»,-կառավարության նիստի ժամանակ ասել է նա:Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի տաքսի ծառայություններին՝ նշելով, որ այնտեղ պետք է ունենալ որոշակի ստանդարտի համապատասխանող տաքսի ծառայություններ: «Օդանավակայանում համարյա քաշքշոցիի հասնող տաքսիստների որսը ուղեւորների համար անընդունելի է, ակնկալում եմ, որ սկզբունքային աշխատանք կիրականացվի: Մենք պետք է այդ սկզբունքը պահենք՝ չափանիշներին չհամապատասխանող տաքսի ծառայություններին չպետք է թույլ տանք ուղեւորափոխադրում իրականացնել օդանավակայանից»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 2463