Shtigen Group-ը Հնդկաստանում․ նոր ուղղություն՝ դեպի հին արեւելք

14.02.2023 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Shtigen Group #Հնդկաստան #Հայկ Շեկյան
Հնդկաստանի Վիշակապատնամ քաղաքում մեկնարկած Seaside Startup Summit-ին որպես հատուկ գործընկեր մասնակցում է նաեւ Shtigen Group-ը։ Ընկերությունը նպատակ ունի աջակցել նոր ու ինովացիոն գաղափարների առաջխաղացմանը, հայ-հնդկական գործարար կապերի զարգացմանը։

Seaside Startup Summit-ն ամենամյա ոչ ֆորմալ ստարտափ միջոցառում է, որին այս անգամ մասնակցում են շուրջ 400 ձեռներեցներ եւ կազմակերպությունների ու ընկերությունների ներկայացուցիչներ, հիմնականում՝ Հայաստանից ու Հնդկաստանից։

Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը նշել է, որ կարեւորում է սկսնակ ձեռնարկատերերի համար նոր հնարավորությունների ստեղծումը ոչ միայն երկրի ներսում, այլեւ Հայաստանի սահմաններից դուրս։

«Մեր գաղափարախոսական հիմքերից մեկը խրախուսանքն է ու աջակցությունը՝ խրախուսել, որ երիտասարդները կրթվեն, հանդես գան  ինքնատիպ, մտածված ու համարձակ գաղափարներով եւ աջակցել դրանց իրականացմանը»,- ասել է Հայկ Շեկյանը՝ ավելացնելով, որ Shtigen Group-ի գործունեության առանցքում մարդն է՝ աշխատակցից մինչեւ շահառու, հայրենակցից մինչեւ աշխարհի քաղաքացի։

«Հայ-հնդկական գործարար հարաբերությունները նման միջոցառումների շնորհիվ նոր որակ եւ իմաստ են ձեռք բերում։ Մենք ուրախ ենք, որ այդ առումով ներդրում է ունենալու նաեւ նորագույն էներգետիկայի ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ մեր հավատարիմ գործընկեր Shtigen Group-ը, որն արդեն երկրորդ անգամ է մասնակցում ստարտափ միջոցառմանը»,- հայտնել է Seaside Startup Summit-ի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։

Հավաքի մասնակիցներն օվկիանոսի ափին՝ երեկոյան խարույկի շուրջ, ծանոթանալու են Shtigen Group-ի անցած ճանապարհին, տեխնոլոգիաներին  ու հաջողության բանաձեւին։ Shtigen-ը հնդիկ գործընկերների համար հատուկ նվերներ է պատրաստել՝ երկու երկրների բարեկամությունը խորհրդանշող փաթեթավորմամբ հայկական չիր ու գինի։

«Հայ-հնդկական հարաբերությունների զարգացումն առանձնահատուկ կարեւոր է, քանի որ մեր երկրներն ունեն դարավոր բարեկամություն․ պատմական տվյալները փաստում են, որ անգամ նախաքրիստոնեական շրջանում են գոյություն ունեցել հայ-հնդկական կապեր։ Իսկ արդեն 17-18-րդ դարերից այդ կապը նոր դրսեւորում է ստացել կրթական ու տնտեսական ոլորտներում։ Մեր նպատակն է զարգացնել այդ կապը՝ փոխադարձ ներդրում ունենալով երկու երկրների առաջընթացում»,- նշել է Հայկ Շեկյանը՝ հիշեցնելով, որ Հնդկաստանում հաստատված հայ գործարար Շահամիր Շահամիրյանը 1771-1772 թթ․  Մադրաս քաղաքում հիմնել է առաջին հայկական տպագրատունը, որտեղ եւ տպագրվել է աշխարհի առաջին սահմանադրական փաստաթուղթը՝ «Որոգայթ Փառաց»-ը»։

Հիշեցնենք նաեւ, որ 1700-ականների վերջին Մադրասի հայկական տպագրատանը լույս է տեսել նաեւ հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարար»-ը։ Իսկ արդեն 1821-ին Կալկաթայում բացվել է Հայոց մարդասիրական ճեմարանը, որի նպատակը Հնդկաստանում բնակվող հայ երեխաներին որակյալ կրթություն ապահովելն էր։

Խնայող եւ անվտանգ էներգետիկ համակարգերն ու տեխնոլոգիական լուծումներն  աշխարհի յուրաքանչյուր բնակչի հասանելի դարձնելու նպատակով՝ Shtigen Group-ը շուկայում է արդեն 12 տարի։ Shtigen Group-ի կազմում գործունեություն են ծավալում Shtigen Energy Systems (արեւային էներգետիկա), ENEREX (էլեկտրաէներգիայի ազատականացված շուկա), Andron (Neta ավտոբրենդի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում) ընկերությունները, ինչպես նաեւ Shtigen Ventures-ը։
Դիտում՝ 4242
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW