2023 հունվարի 1-ից երեխայի խնամքի արձակուրդում գտնվող եւ գյուղաբնակ ծնողներից բացի մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաեւ քաղաքաբնակ չաշխատող մայրերը:Կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:«Եթե երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ հետո, եւ մայրը չի աշխատում, ապա ամսական կվճարվի 31 600 դրամ՝ գործող 28 600 դրամի փոխարեն, եթե մայրն աշխատում է, սակայն գտնվում է խնամքի արձակուրդում, կստանա 37 500 դրամ խնամքի նպաստ, իսկ եթե մայրը որոշում է խնամքի արձակուրդից վերադառնալ աշխատանքի, կպահպանվի 31 600 դրամը: Սա կարեւոր կետ է, որովհետեւ գործող համակարգով, եթե մայրը դուրս էր գալիս աշխատանքի, կասեցվում էր նպաստը»,- ասել է նախարարը: Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողներն ամսական կստանան 69 100 դրամ, որը եւ աշխատողի, եւ չաշխատողի համար նախատեսված վճար է: Եթե աշխատանքի վերադառնա, ապա նպաստի գումարը կկազմի 63 200 դրամ:«Սա ժողովրդագրական նշանակություն ունեցող կարեւոր նախագիծ է: Պետք է շարունակենք բարելավել հնարավորությունները, որ ծնողները կարողանան եւ աշխատանքի, եւ երեխայի խնամքի նպաստը համատեղեն»,- ասել է նախարարը:Նա նշել է, որ 2023 թվականի համար տրամադրվելու է 20 մլրդ 350 մլն դրամ: Tweet Դիտում՝ 5506