Հայաստանյան առաջատար SPRING PR ընկերության համահիմնադիրներ Նվարդ Մելքոնյանն ու Տաթեւիկ Սիմոնյանը Women Achievers Awards 2022 մրցանակաբաշխության ժամանակ արժանացել են «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» մրցանակին՝ ընդգրկվելով 2022 թվականի համաշխարհային հաղորդակցության եւ PR-ի ոլորտի 50 կին առաջնորդների ցանկում։ Exchange4media-ի կողմից Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում անցկացվող միջոցառումը համախմբում է առաջատար մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու ոլորտի զարգացումներն ու մեծարելու կանանց հսկայական դերն ու ներդրումը համաշխարհային հաղորդակցության ոլորտում։«Ամեն անգամ նման մրցանակները հնարավորություն են տալիս վերաարժեւորել անցած ուղին ու ջանքերը, որ թե՛ որպես անհատ, թե՛ որպես թիմ ներդրել ենք մեր ջանքերը Հայաստանում հաղորդակցության եւ հասարակայնության հետ կապերի ոլորտի կայացման համար։ Պետք է խոստովանեմ՝ այդ «ճամփորդությունը» հարթ ու անխոչընդոտ չէր, բայց այն փաստը, որ հենց ուսանողներիս հետ հիմնեցինք ու կայացրեցինք SPRING PR ընկերությունը, որն այսօր դաշտի առաջատարներից է, ավելի քան խոսուն է»,- նշել է SPRING PR ընկերության համահիմնադիր ու խորհրդի նախագահ Նվարդ Մելքոնյանը։ «Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է այս բարձր մակարդակի ճանաչմանն արժանանալը եւ ընդգրկվելը «50 կին առաջնորդների ցանկում»՝ PR-ի եւ հաղորդակցության ոլորտի պրոֆեսիոնալ այլ կին առաջնորդների հետ միասին: Women Achievers Awards-ը մեր ամբողջ թիմի հաղթանակն է, ու մենք հպարտ ենք, որ մեր ջանքերի շնորհիվ Հայաստանն իր պատվավոր տեղն է զբաղեցնում միջազգային PR համայնքում՝ որպես գրագետ եւ մրցակցային PR արշավներ իրականացնող ակտիվ դերակատար եւ համաշխարհային հաղորդակցությունների ոլորտում ազդեցություն ունեցող երկիր»,- ասել է SPRING PR-ի հաղորդակցության եւ միջազգային կապերի գծով ղեկավար Տաթեւիկ Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ C4F Davos-ից, Միջազգային PR ասոցիացիայից (IPRA) եւ «Համաշխարհային հաղորդակցության ֆորումի ասոցիացիա»-ից (WCFA) ստացած մրցանակներին լրացնելու է գալիս PR ոլորտի ամենակարեւոր իրադարձություններից մեկի՝ ասիական ամենախոշոր մրցանակաբաշխության պարգեւը։ Սիմոնյանը հավելել է, որ Հնդկաստանն անչափ կարեւոր ուղղություն է ընկերության համար, եւ ապագայում նախատեսվում են համատեղ ծրագրեր Հնդկաստանի գործընկերների հետ։ Տաթեւիկ Սիմոնյանը e4m PR & Corp Comm Women Achievers Summit-ում հանդես է եկել որպես հիմնական բանախոս եւ «PR-ի նոր աշխարհ. ինքնության որոնում. փոփոխությունների շրջան» խորագրով ելույթում անդրադարձել PR մասնագիտության առջեւ ծառացած մարտահրավերներին, փոխակերպումներին ու զարգացման հեռանկարներին, ներկայացրել հայաստանյան փորձն ու գիտելիքը։ Tweet Դիտում՝ 13775