«Մեր ամենակարեւոր բարեփոխումը կապված կլինի ԿԲ մարդկային կարողությունների հետ»

30.04.2022 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ ԿԲ #տարեկան հաշվետվություն #Մարտին Գալստյան
ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակել է 2021 թվականի տարեկան հաշվետվությունը։

ՀՀ ԿԲ-ի մասին օրենքի համաձայն՝ տարեկան հաշվետվությունը վերաբերում է Կենտրոնական բանկի կառավարման դրույթներին։ Այն ներառում է ԿԲ ռազմավարությունից բխող հիմնական գործառույթների վերաբերյալ տարեկան գործունեության ամփոփ տվյալները եւ միջազգային աուդիտորական եզրակացության անցած ֆինանսական հաշվետվությունները։

«Այդուհանդերձ, ԿԲ գործունեության ամբողջական պատկերը ստանալու համար անհրաժեշտ է նաեւ դիտարկել ԿԲ երկու գլխավոր խնդիրների իրագործմանն ուղղված ռազմավարությունները եւ դրանց իրագործման վերաբերյալ Գնաճի եւ Ֆինանսական կայունության հաշվետվությունները։ Դրանք պարունակում են խոր մասնագիտական վերլուծություններ եւ գնահատականներ ՀՀ եւ համաշխարհային տնտեսությունների ու ֆինանսական շուկաների զարգացումների վերաբերյալ։

Վերջիններիս մասին, ըստ թեմաների, հղմամբ նշված է սույն հաշվետվության մեջ»,- ասված է հաշվետվության ներածության մեջ։ 

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի ուղերձը

Զեկույցի հրապարակման կապակցությամբ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ուղերձով դիմել է Հայաստանի քաղաքացիներին, նշելով, որ 2021 թվականը Հայաստանի համար վերականգնման տարի էր՝ իր բոլոր դժվարություններով հանդերձ։ «Ֆինանսական համակարգը տարվա ընթացքում վերականգնեց կորցրած կարողությունները՝  հիմքեր ստեղծելով ապագա զարգացման համար»,- նշել է Մարտին Գալստյանը

Նա ընդգծել է, որ որպես Կենտրոնական բանկի 2021 թվականի հիմնական ձեռքբերում կարելի է վստահորեն դիտարկել նոր ռազմավարության ընդունումը։

«Դա ուրվագծում է մեր տեսլականը եւ զարգացման ուղղությունները, որոնց իրականացմանը նպատակաուղղելու ենք մեր հիմնական ջանքը մոտակա տարիների ընթացքում։ ԿԲ ռազմավարության կարեւորագույն ուղղությունը ֆինանսական համակարգի թվայնացումն է, որը պահանջելու է մարդկային եւ ֆինանսական զգալի ռեսուրսների ներդրում: Դա ուղղված է պետական եւ մասնավոր հատվածների կարողությունների ձեւավորման հարմար եւ ապահով միջավայրի ստեղծմանը։ Հատկանշական է, որ թվայնացման օրակարգի ներդրման մեջ մեծ է Կենտրոնական բանկ եւ պետություն, պետություն եւ մասնավոր հատված, Կենտրոնական բանկ եւ արտաքին հատված համագործակցությունների դերը։ Որդեգրված ռազմավարությամբ պարտավորվել ենք մեր մանդատի ներքո բարձրացնել հասարակության բարեկեցությունը»,- ասված է ուղերձում։

Մարտին Գալստյանի փոխանցմամբ՝ քաղաքականության ուղղություններից վերահսկողության ոլորտում են իրականացվել ամենաընդգրկուն բարեփոխումները։ «ԿԲ վերահսկողության տեսլականի համաձայն՝ վարչական վերահսկողական եղանակներից աստիճանաբար պետք է անցում կատարվի ֆինանսական կազմակերպությունների կողմից սեփական ռիսկերի ավելի որակյալ գնահատմանը։ Ձեւափոխման ընթացքում խիստ կարեւոր է Կենտրոնական բանկի եւ ֆինանսական համակարգի միջեւ ձեւավորվող երկխոսությունը եւ բոլոր մակարդակներում մարդկային կարողությունների զարգացումը։ Այս նպատակով արդեն իսկ մշակվել է առեւտրային բանկերի սթրես թեստավորման մեթոդաբանությունը։ Բացի այդ, առանձնացվել է գործարար վարվելակերպի ռիսկերի վերահսկողությունը, ինչը կարեւոր է ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանության բարելավման տեսակետից»,- նշել է ԿԲ նախագահը։

Նա տեղեկացրել է, որ այս տարվա տարեկան հաշվետվությունն անդրադառնում է ԿԲ բարձրագույն ղեկավար մարմնի՝ ԿԲ խորհրդի գործունեությանը նույնպես։ Ներկայացված է ԿԲ խորհրդի կողմից քաղաքականության որոշումների կայացման գործընթացը, ինչպես նաեւ կառավարչական եւ վերահսկողական գործառույթների իրականացումը։

Բացի այդ, նախորդ տարվա ավարտին ԿԲ կառավարչական կառուցվածքում կատարվել էին որոշակի բարեփոխումներ: Ձեւավորվել էին Գնումների համակարգման ծառայությունը, Նախագծերի կառավարման կենտրոնը եւ այլ միավորներ։ «Այս առանձնացված ստորաբաժանումները էապես պետք է բարելավեն ԿԲ կարողությունները եւ արդյունավետությունը համապատասխան ոլորտներում»,- ասել է Մարտին Գալստյանը։

«Մենք կարեւորում ենք մեր՝ որպես կառույցի եւ մեր աշխատակիցների՝ որպես հասարակության անդամների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մակարդակի բարձրացումը։ Մենք անմասն չենք մնալու այս գործում եւ շարունակելու ենք զարգացնել այս ուղղությունը՝ նպաստելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւորության գիտակցմանը։

Մեր ձեռնարկած բոլոր փոփոխությունները շարունակական են լինելու. դրանք ուղղված կլինեն դրամավարկային քաղաքականության իրականացմանը, վճարահաշվարկային ոլորտում մեր անելիքների բարելավմանը եւ հաղորդակցման արդյունավետության բարձրացմանը։ Այս ամենը գերազանցությամբ անելու հիմնաքարը մեր մարդիկ են։ Ուստի ամենակարեւոր բարեփոխումը կապված կլինի ԿԲ մարդկային կարողությունների հետ»,- եզրափակել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահը։
Դիտում՝ 5461
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW