ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներդրել է թույլատվական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգ:Համակարգի միջոցով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կարող են դիմել եւ ստանալ արտահանման, ներմուծման, ինչպես նաեւ տարանցման ժամանակ կիրառվող ցանկացած լիցենզիա կամ թույլտվություն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ առանց այցելելու որեւէ պետական մարմին: Գործընթացը փուլային եղանակով մեկնարկել է հոկտեմբերի 1-ից:Թույլատվական փաստաթղթերի համակարգը նաեւ հեշտ կիրառելի է: Դրանից օգտվելու համար նախապես գրանցվելու եւ օգտանուն ստանալու անհրաժեշտություն չկա, փաստում են ՊԵԿ-ի մասնագետները: Պարզապես, տնտեսվարողն իր գրասենյակից նույնականացման քարտով մուտք է գործում համակարգ եւ պետական մյուս մարմինների տվյալների շտեմարանում ավտոմատ ճշգրտվում են համապատասխան տվյալները: Մասնավորապես՝ իդենտիֆիկացնում է քարտատիրոջը, ինքնաշխատ եղանակով բեռնում այլ համակարգերում հասանելի տվյալները՝ անուն, ազգանուն, ընկերության ՀՎՀՀ, հասցե եւ այլն, ու տրամադրվում են համապատասխան լիազորություններ:Համակարգը միաժամանակ բազմաճյուղ ինտեգրացիա է ապահովում նաեւ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հետ, որից օգտվողները ավտոմատ կստանան նույն լիազորությունները նաեւ թույլատվական փաստաթղթերի համակարգում, եւ հակառակը: Կցված եւ արխիվացված բոլոր փաստաթղթերը եւս հասանելի կլինեն: Հնարավորություն է ընձեռվել նաեւ փաստաթղթերի համակարգից ձեւավորել մաքսային հայտարարագիր, իսկ մաքսային հայտարարագրից՝ թույլատվական փաստաթուղթ: Արդյունքում հայտատուի լրացրած բոլոր տվյալները մեկ համակարգից ավտոմատ կտեղափոխվեն մյուս համակարգ:Փաստաթղթերի համակարգը հասանելի է «ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհանի» հարթակում: Ամբողջական ներդրման արդյունքում համակարգին միացված կլինեն թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված շուրջ 20 պետական գերատեսչություն եւ կազմակերպություն: Համակարգը նախագծվել եւ իրականացվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա. մեկտեղվել են ԵԱՏՄ, ԵՄ տվյալների մոդելները, ինչի շնորհիվ, գործնականում այն կարող է համադրվել ցանկացած այլ համակարգի հետ՝ երկրի ներսում, ԵՄ կամ ԵԱՏՄ երկրներում: Նորաստեղծ համակարգը ՀՀ պետական կառավարման թվայնացման ոլորտում նախադեպը չունի շահառուների լայն շրջանակով եւ թվայնացվող տվյալների ծավալով: Tweet Դիտում՝ 2207