ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը «Արմենիա Վայն» ընկերությունում հանդիպել է գինի եւ կոնյակ արտադրող շուրջ 40 ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկմանը ներկա էին նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը եւ ոլորտի այլ պատասխանատուներ։«Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ ըստ այսօր մեզ տրամադրած տեղեկատվության, մթերման գործընթացը նախատեսվում է սահուն կազմակերպել»,- նշել է Վահան Քերոբյանը։Նա կարեւորել է գյուղատնտեսությունը ստվերից դուրս բերելու նպատակով հարկային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ ընդգծելով գործող հարկային մեխանիզմների պարագայում հարկային բեռի ոչ համաչափ եւ ոչ արդար բաշխվածությունը տարբեր ոլորտների միջեւ։ Անդրադարձ է եղել հողերը գյուղատնտեսական նպատակով արդյունավետ օգտագործման համար հողային ռեֆորմների շուրջ աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը։Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն իր հերթին ներկայացրել է պետության կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում իրականացված փոփոխությունները, որոնց նպատակը մթերող ընկերություններին տրամադրվող աջակցությունն ավելի առարկայական դարձնելն է։ «Ծրագրում ավելացել է մեկ կարեւոր բաղադրիչ, որը նախորդ տարիներին մեր մթերողները որպես խնդիր բարձրաձայնում էին՝ գրավի առարկայի հարցը։ Այսօր կառավարությունը պատրաստ է 50% գրավի ռիսկը վերցնել իր վրա եւ տրամադրել պետական երաշխիք։ Կարծում եմ, որ այս գործիքը էապես կնպաստի մթերման սեզոնին ցանկալի ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը»,- հավելել է փոխնախարարը։Առանձին անդրադարձ է կատարվել տեղածին հայկական խաղողի սորտերի վերականգնմանը, ֆիլոքսերա վնասատուի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումներին, Վրաստանի տարածքով դեպի այլ երկրներ կոնյակի սպիրտ եւ գինի տարանցիկ տեղափոխման ընթացքում առաջացող խնդիրներին, Վրաստանի Կախեթի տեղանվան պահպանմանը զուգահեռ Հայաստանում արտադրվող Կախեթի խաղողի սորտի գինիների անխոչընդոտ վաճառքի կազմակերպման շուրջ տարվող աշխատանքներին։Զարուհի Մուրադյանի փոխանցմամբ՝ հայկական գինիների առաջմղման եւ ճանաչելիության բարձրացման նպատակով շուտով Բեռլինում կգործարկվի գինիների վաճառքի առցանց հարթակը, որտեղ համատեղ կներկայացվեն ավելի քանի 34 ընկերության 96 տեսակի գինիներ․ եվրապացի գինեսեր հանրությունը կկարողանա պատվիրել այդ գինիները առցանց եղանակով։ «Արմենիա Վայն» ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանն էլ տեղեկացրել է, որ առաջիկայում ընկերության տարածքում կբացվի Գինու պատմության թանգարանը, որում ներկայացված կլինի Հայաստանի գինեգործության պատմության ողջ ընթացքը՝ սկսած նախաքրիստոնեական շրջանից մինչեւ մեր օրերը։ Թանգարանում կներկայացվեն գինեգործական բացառիկ ցուցանմուշներ, հնագույն գործիքներ, այցելուների համար կկազմակերպվի ինտերակտիվ խաղարկային տեսանյութերի ցուցադրություն։ Tweet Դիտում՝ 1602