Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) $10 մլն-ին համարժեք բազմարժութային վարկ է տրամադրել Արարատբանկին՝ միկրո եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումն ընդլայնելու նպատակով։ Բանկում նշել են, որ պայմանագիրը ստորագրվել է այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում՝ «Ազգային արժույթով ֆինանսավորման ուժը» թեմայով համաժողովի ընթացքում։«Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի հետ հերթական համագործակցությունը հնարավորություն կտա Արարատբանկին՝ միկրո եւ փոքր ձեռնարկություններին առաջարկել հաճախորդների կարիքներին համապատասխան ֆինանսական պրոդուկտներ՝ դրանով իսկ խթանելով Հայաստանում այս կարեւոր հատվածի զարգացումը եւ ստեղծելով նոր աշխատատեղեր:2010-ից ի վեր Արարատբանկը հանդիսանում է Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի կարեւոր գործընկեր։ Բանկի կայուն դիրքը, լայն մասնաճյուղային ցանցը եւ ռազմավարական կողմնորոշումը դեպի փոքր բիզնեսի շուկա հնարավորություն են տվել Արարատբանկին եւ EFSE-ին հայաստանյան միկրո եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման համար մինչ օրս գեներացնել ավելի քան €58 մլն: Նոր ներդրումը կշարունակի այդ տեմպը՝ իր մեջ ներառելով ինչպես ԱՄՆ դոլար, այնպես էլ ազգային արժույթ։ Վարկավորման այս տեսակը բանկին հնարավորություն կտա ավելի ճկուն սպասարկել ձեռնարկատերերի ֆինանսավորման կարիքները` չեզոքացնելով արժութային ռիսկի ուղղակի ազդեցությունը»,- ասված է հաղորդագրությունում: EFSE-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Թիսկենսը նշել է, որ Արարատբանկի նման գործընկերներն անհրաժեշտ են EFSE-ին՝ օգնելու իրականացնել տեղական բիզնեսների համար կայուն ֆինանսների հասանելիության ընդլայնման իրենց առաքելությունը: «Նպաստելով ազգային արժույթով վարկերի տրամադրմանը՝ մենք միասին ներդրում ենք կատարում փոքր բիզնեսների կայունության եւ ապահով աճի մեջ, որոնք երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից են»,- ընդգծել է նա։ Իսկ Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը փաստել է, որ համագործակցության ինը տարիների ընթացքում բանկը ֆինանսավորել է 1500-ից ավելի բիզնես ծրագրեր տարբեր ոլորտներում՝ ստեղծելով հավելյալ արժեք ինչպես վարկառուների, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար։ Նրա խոսքերով՝ նոր պայմանագրի կնքումը ծրագրի շահառուներին զերծ կպահի արտարժութային ռիսկերից, ինչն իր հերթին կբարձրացնի ընկերությունների շահութաբերությունը եւ մրցունակությունը տեղական շուկայում։ «Ես ուրախ եմ այս պայմանագրի ստորագրման առիթով, ինչը կրկին հավաստում է մեր փոխվստահության եւ շարունակական համագործակցության մասին»,- ասել է Աշոտ Օսիպյանը։ Tweet Դիտում՝ 4152