ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Armenian Assembly հասարակական կազմակերպությունը ստորագրել են համատեղ նախագծի մեկնարկի մասին համաձայնագիր, որով ազդարարվել է Armenia Guide հավելվածում ՎՏԲ-Հայաստան բանկի վիրտուալ զբոսաշրջային քարտի ներդրման համատեղ աշխատանքների սկիզբը։ Վիրտուալ բազմարժութային զբոսաշրջային քարտը Armenia Guide հավելվածում հասանելի կդառնա արդեն 2020 թվականին:Գործարար եւ մշակութային նախաձեռնությունների աջակցության Armenian Assembly հասարակական կազմակերպության այս նախագիծը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից 2019թ. օգոստոսի 1-ին եւ 2-ին ներկայացվել էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած «ՎՏԲ Խմբի մանրածախ բիզնեսին նվիրված Visa-2019 նորարարական ֆորումի» շրջանակում կազմակերպված մրցույթին եւ զբաղեցրել էր առաջին տեղը՝ որպես լավագույն նորարարական ստարտափ նախագիծ:Armenia Guide հավելվածի հիմքի վրա մշակված «Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտ» նախագիծը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից ճանաչվել է լավագույնը՝ ԱՊՀ երկրների եւ Վրաստանի մանրածախ բիզնեսի զարգացման եւ թվայնացմանն ուղղված, ինչպես նաեւ Visa միջազգային վճարային համակարգում նորարարական լուծումներ առաջարկող նախաձեռնությունների միջեւ: «ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ աջակցում է հետաքրքիր գաղափարներին եւ առաջարկություններին, առավել եւս, երբ հարցը վերաբերում է ստարտափերին` նորաստեղծ բիզնեսի զարգացմանն աջակցելը՝ մեր առաջնահերթություններից է: Armenia Guide հավելվածում մեր վիրտուալ տուրիստական քարտերի միջոցով զբոսաշրջիկները կարող են հեշտությամբ կատարել դրամական փոխանցումներ արտերկրից եւ միաժամանակ օգտվել վիրտուալ քարտի 4 հաշիվներից: Այս նախագիծը միտված է Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տուրիզմի շուկայի ծավալի ավելացմանը եւ ծառայությունների ամբողջական ցանկի մատուցման արդյունքում տուրիստական ծառայությունների դիվերսիֆիկացմանը»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:«Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությունը Հայաստանի բնակիչներին եւ հյուրերին հնարավորություն կընձեռի առանց խոչընդոտների ճանաչել մեր երկիրը։ Վիրտուալ քարտի շնորհիվ հաճախորդներն արագ եւ առանց խնդիրների գրեթե մի քանի գործողությամբ կկարողանան ամրագրել թատրոնի եւ տարբեր միջոցառումների տոմսեր, անցկացնել լավ ժամանակ եւ ունենալ ավելի շատ լավ հիշողություններ»,- նշել է Armenian Assembly հասարակական կազմակերպության հանրային խորհրդի բարձրագույն մարմնի նախագահ Վահե Ենգիբարյանը:Արդեն 2020-ից Հայաստանի զբոսաշրջիկներին եւ բնակիչներին հասանելի կլինի Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային բազմարժութային քարտը, որը կընդլայնի երկրով ճանապարհորդելու հնարավորությունները։ Վիրտուալ քարտը հնարավորություն կտա Հայաստանի հյուրերին եւ բնակիչներին հենց հավելվածի միջոցով վճարել ծառայությունների եւ պրոդուկտների (կինոյի տոմս, հյուրանոցի ամրագրում, ռեստորաններ, շրջագայություններ եւ այլն) համար, անմիջապես ձեւակերպել վիրտուալ քարտեր՝ անցնելով նույնականացում՝ հավելվածից կատարվող վիդեո զանգի միջոցով, ստանալ հնարավորություն մուտք գործելու վիրտուալ քարտի միանգամից չորս հաշիվներ (AMD, USD, EUR, RUR), զբոսաշրջության նպատակով արտասահմանից փոխանցումներ կատարել վիրտուալ քարտի հաշվին եւ վիրտուալ քարտով տարբեր ծառայությունների համար վճարելիս ստանալ արտարժույթի փոխարկման արտոնյալ պայմաններ։ Իրականացված գործարքների համար օգտատերերը կարող են նաեւ կուտակել բոնուսներ՝ հետագայում դրանք գործընկերային ապրանքների եւ ծառայությունների փոխանակման հնարավորությամբ: Բջջային հավելվածի պաշտոնական մեկնարկը տրվել է Armenian Summit of Minds գագաթաժողովի շրջանակում 2019թ. հունիսին: Հավելվածը զբոսաշրջիկներին եւ տեղացիներին ներկայացնում է երկրի ամենասպասված միջոցառումները, հետաքրքիր երթուղիները եւ գլխավոր տեսարժան վայրերը: Armenia Guide-ը կարելի է ներբեռնել AppStore-ում եւ Google Play-ում: Tweet Դիտում՝ 6360