HSBC Հայաստանը ներկայացրել է «Մեծ ընտանիք» առաջարկը

14.09.2019 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#HSBC Հայաստան #Փոլ Էդգար #Մեծ ընտանիք
HSBC Հայաստանն այսօր ներկայացրել է «Մեծ ընտանիք» առաջարկը, որը նախատեսում է գործող անշարժ գույքի ձեռքբերման վարկերի տոկոսադրույքների իջեցում առաջարկի պայմաններին բավարարող անձանց համար։

HSBC Հայաստանի «Հանրապետության հրապարակ» մասնաճյուղում տեղի ունեցած միջոցառման ընթացքում բանկի հաճախորդները հնարավորություն են ստացել ծանոթանալու «Մեծ ընտանիք» առաջարկին։

Ինչպես նշել են բանկում, առաջարկի գործողության ընթացքում HSBC Հայաստանը 0,25%-ով կնվազեցնի գործող անշարժ գույքի ձեռքբերման վարկ ունեցող իր հաճախորդների ընթացիկ տոկոսադրույքը յուրաքանչյուր երեխայի ծննդյան կամ որդեգրման առիթով:

«Այն հաճախորդները, որ կբավարարեն առաջարկի պայմաններին, պարզապես պետք է ներկայացնեն 2019թ. սեպտեմբերի 16-ից հետո ծնված կամ որդեգրված երեխաների ծննդյան կամ որդեգրման վկայականները եւ լրացնեն համապատասխան դիմումը: Նվազեցված տոկոսադրույքը կգործի վարկի սպասարկման ամբողջ ընթացքում»,- նշել է HSBC Հայաստանի Բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Միհրան Մուրադյանը։

Միհրան Մուրադյանը

Նա հավելել է, որ նվազեցումների առավելագույն քանակը սահմանափակված է երեքով, այսինքն՝ 2019թ. սեպտեմբերի 16-ից հետո ծնված կամ որդեգրված երեխաների համար հաճախորդը կարող է ստանալ տոկոսադրույքի մինչեւ 0,75% իջեցում։

Բանկում նշել են, որ առաջարկը մշակվել է անշարժ գույքի ձեռքբերման վարկի գործողության ընթացքում ընտանիքի համալրում ունեցող վարկառուների  ֆինանսական բեռը թեթեւացնելու, ինչպես նաեւ HSBC Հայաստանի կողմից առաջարկվող պրոդուկտներն ու ծառայությունները հաճախորդների կարիքներին  առավելագույնս հարմարեցնելու նպատակով:

«Հանդիսանալով աշխարհում եւ Հայաստանում առաջատար բանկերից մեկը՝ մեր գործունեության հիմքում դնում ենք հաճախորդների հետ հարաբերությունները: Տարիների ընթացքում մենք զարգացնում ենք այդ հարաբերությունները՝ ձեւավորելով վստահության եւ հարգանքի մթնոլորտ մեր եւ մեր հաճախորդների միջեւ: Մենք նրանց կողքին ենք լավ եւ վատ օրերին եւ պատրաստ ենք աջակցել նրանց՝ կյանքի կարեւոր որոշումներ կայացնելիս՝ լինի դա գույք գնելու, ընտանիք կազմելու, թե այն համալրելու որոշում»,- ասել է HSBC Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը։

Փոլ Էդգարը

Նա հավելել է, որ նախապես կատարել են ուսումնասիրություն եւ որոշում կայացրել՝ «Մեծ ընտանիք» առաջարկը հենց այն քայլն է, որն անհրաժեշտ է կատարել բանկի հաճախորդների կողքին լինելու համար։

Տեղեկանալով, որ մասնակիցների շրջանում կան մոտ ապագայում ընտանիքի համալրում սպասող հաճախորդներ՝ բանկը հանդես է եկել անակնկալ հայտարարությամբ, ըստ որի՝ առաջարկի մեկնարկի առիթով տոկոսադրույքի նվազեցումը նշված հաճախորդների համար կկիրառվի առաջարկի առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 16-ից: Այդ հաճախորդների թվում էին նաեւ Շահեն Քոսյանը եւ Ջուլիետա Սանթրոսյանը, որ սպասում են իրենց առաջնեկին։

«Արդեն 4 տարի է, ինչ HSBC Հայաստանի հաճախորդ եմ։ Միջոցառման մասին նախապես տեղեկացվել եմ, սակայն շատ հաճելի անակնկալ էր այն, որ առաջարկը մեզ համար կսկսի գործել նախքան երեխայի ծնունդը։ Հայաստանյան հիփոթեքային վարկավորման շուկայի տոկոսադրույքերը, միջազգային շուկայի համեմատ, ամենեւին էլ ամենացածրը չեն։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այս 0,25% նվազեցումը բոլորի համար զգալի կլինի»,- Banks.am-ին ասել է Շահեն Քոսյանը։

Շահեն Քոսյանը եւ Ջուլիետա Սանթրոսյանը

Ինչպես նշել են բանկում, HSBC Հայաստանը տեղական շուկայում առաջինն է հանդես գալիս նման նախաձեռնությամբ: Բանկում հույս են հայտնել, որ այն շարունակելի կլինի Հայաստանում գործող այլ բանկերի կողմից։
Դիտում՝ 7040
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW