Ապրիլի 12-ին եւ 18-ին Երեւանում համերգներով հանդես կգա արգենտինահայ հայտնի երգահան Ալիսիա Թերզյանի «Էնկուենտրոս» խումբը:Համերգը կազմակերպվում է արգենտինահայ գործարար, բարերար Էդուրադո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների՝ Կոնվերս Բանկի, Karas Wines-ի եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի կողմից: Համակազմակերպիչն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:«Սա «Էնկուենտրոս» խմբի երրորդ այցն է Հայաստան: Արգենտինական երաժշտությունը միշտ էլ գրավել է հայ հանդիսատեսին, որը մեզ ընդունել է մեծ ջերմությամբ: Հուսով ենք, այս անգամ եւս ջերմ ընդունելություն կունենանք հայ հանդիսատեսի կողմից, ինչպես նաեւ Հայաստանը ճանաչելու նոր հնարավորություններ»,- ասել է խմբի երաժիշտ Սերխիո Պոլիցցին:«Էնկուենտրոս» խումբը հիմնադրվել է 40 տարի առաջ՝ գոյության ամբողջ ընթացքում տարբեր երկրներում հանդիսատեսին ներկայացնելով XX եւ XXI դարերի երաժշտությունը:«Լինելով շատ արգենտինացի կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարող՝ Ալիսիա Թերզյանի խումբը նրանց համար ճանապարհ է հարթել դեպի մեծ բեմեր: Այսօր էլ խումբը մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում աշխարհի տարբեր անկյուններում՝ իր արվեստի շուրջ համախմբելով դասական եւ ժամանակակից երաժշտության, երգարվեստի եւ պարարվեստի սիրահարներին»,- ասված է հաղորդագրությունում:«Հայաստան այս ճամփորդությունը եւս մի հանդիպման հնարավորություն է մի երկրի հետ, որը նաեւ ծնողներիս երկիրն է, ու շնորհակալություն ասել Էդուարդո Էուրնեկյանին՝ իմ լավ ընկերոջը, մեծ գործարարին, Արգենտինայում, Հայաստանում ու ողջ աշխարհում հայտնի մեկենասին: Սա մեզ համար իրոք արտակարգ փորձառություն է լինելու ու մենք շատ երջանիկ ենք, որ նորից ենք հանդիպելու հայ հանդիսատեսին ու հատկապես՝ մեզ ծանոթ հայ մեծ երաժիշտներին, կատարողներին, կոմպոզիտորներին, նրանց հետ նշելով խմբի հիմնադրման 40- ամյակը»,- ասել է Ալիսիա Թերզյանը:Համերգների ընթացքում կհնչեն հայտնի կոմպոզիտորների, այդ թվում՝ Աստոր Պիացոլլայի, Անիբալ Տրոյլոյի, ինչպես նաեւ Ալիսիա Թերզյանի ստեղծագործությունները, կներկայացվեն պարային կատարումներ եւ երգեր: Tweet Դիտում՝ 9369