Վարչապետը խոստացել է երկխոսության մթնոլորտ ձեւավորել ներդրողների հետ

09.08.2018 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիստ #Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ Հայաստանում հետեւողական, գրագետ եւ կազմակերպված աշխատանքով կարելի է լրջագույն արդյունքի հասնել:

«Աշխատանքի քարոզչությունն ու դրա կարեւորության ընդգծումը չափազանց կարեւոր շեշտադրում է: Ի վերջո, երկար տարիներ խոսվել է այն մասին, որ տնտեսական գործունեության հնարավորություններն ու շուկաների հասանելիությունը սահմանափակ են, եւ որեւէ տնտեսական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է ինչ-որ մեկի «դաբրոն»: Այսօր բոլոր այդ խոչընդոտները վերացված են, եւ խնդիրը տեղափոխվել է աշխատանքի, ստեղծագործության, մտքի դաշտ»,- ասել է վարչապետը:

Նա հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անել՝ այդ աշխատանքի համար նպաստավոր եւ հավասար հնարավորությունների դաշտ ապահովելու համար:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության նպատակն է հասնել ներառական տնտեսական աճի, որի ազդեցությունն իրենց վրա անմիջականորեն կզգան Հայաստանի բոլոր բնակիչները:  

Վարչապետը նաեւ անդրադարձել է ներդրումների պաշտպանությանը՝ նշելով, որ «ցանկացած ներդրում եւ ներդրող ազատված է որեւէ կոռուպցիոն պարտավորությունից որեւէ մակարդակում»:

Նա խոստացել է համագործակցության եւ երկխոսության մթնոլորտ ձեւավորել ներդրողների եւ կառավարության միջեւ:

«Պետք է խոստովանենք, որ երկխոսության այս խողովակները դեռեւս լիարժեք չենք ստեղծել եւ գործարկել, սակայն սա մեզ համար խնդիր է, որն անպայման պետք է լուծենք»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Դիտում՝ 6501
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW