Սառնարանների արտադրությամբ, սպասարկմամբ, վերանորոգմամբ ու ներմուծմամբ զբաղվող «Նազարյան քուլինգ սիսթեմ» (Nazaryan cooling system) ընկերությունը, «Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ, շուրջ $370 000-ի ներդրումներով ընդլայնում է արտադրությունը։ «Բիզնես Արմենիա»-ի թիմն այցելել է ընկերություն եւ քննարկել աջակցության հետագա ծրագրերը։ Ընկերությունը գործունեությունը սկսել է 10 տարի առաջ՝ ներկրումներով, ժամանակի ընթացքում դարձել է արտադրող, իսկ առաջիկայի համար արտահանման ծրագիր ունի։ «Նազարյան քուլինգ սիսթեմ»-ն արդեն փորձնական խմբաքանակներ է արտահանել Վրաստան։ «Մենք սկսել ենք մեկ մասնագետով։ Հիմա 40 աշխատող ունենք: Մի շարք օտարերկրյա առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ ենք, բարձրորակ մասերով սառեցնող համակարգեր ենք հավաքում։ Օտարերկրյա շուկաներ դուրս գալու քայլեր ենք անում»,- նշել է ընկերության տնօրեն Արվին Նազարյանը։ «Ընկերությունը նոր ներդրումներով պատրաստվում է ընդլայնել ձեռնարկությունը՝ տեղական շուկայի համար պաղպաղակների, զովացուցիչ ըմպելիքների համար ստենդ-սառնարաններ արտադրելու նպատակով։ Հիմա Հայաստանում օգտագործվում են դրանց ներկրված տարբերակները։ Հույս ունենք, մյուս տարվանից արդեն տեղական շուկան հայկականը կօգտագործի»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ ««Նազարյան քուլինգ սիսթեմ-ը» մասնակցել է ցուցահանդեսների եւ համաժողովների, պատվերներ ստացել, գործընկերության պայմանագրեր կնքել։ Իսկ Վրաստանից բացի, հայկական արտադրության սառեցման համակարգերը մրցունակ կլինեն նաեւ Ռուսաստանում»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։ Հայաստանյան եւ օտարերկրյա շուրջ 200 գործընկերների համար «Նազարյան քուլինգ սիսթեմ»-ը պատրաստել է փոքր սառնարաններից մինչեւ սառնարանային տնտեսություններ, կահավորել բեռնափոխադրող ավտոմեքենաներ՝ ապահովելով հետագա սպասարկումը։ Tweet Դիտում՝ 5331