«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն եւ Արմսվիսբանկը միացել են գյուղնախարարության ծրագրերին

02.02.2018 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆարմ Կրեդիտ Արմենիա #Արմսվիսբանկ
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առեւտրային կոոպերատիվը եւ Արմսվիսբանկը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ստորագրել են համագործակցության հուշագրեր:

Նախարարությունում նշել են, որ փաստաթղթերը նպատակ ունեն ապահովել Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի եւ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի իրականացումը:

Հուշագրերը ստորագրել են նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը՝ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանի եւ Արմսվիսբանկի գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի հետ:
 
«Այս ծրագրերի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել գյուղատնտեսությունը: Կարկտապաշտան ցանցերի շնորհիվ բերքը կապահովվի գրեթե 100%-ով եւ կլինի որակյալ, իսկ կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը ոչ միայն կնպաստի, որ ունենանք ջրի մինչեւ 50%-ի խնայողություն, այլեւ կնպաստի արտադրվող բերքի ինքնարժեքի նվազմանը»,- նշել է Աշոտ Հարությունյանը:

Անդրադառնալով ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման ծրագրին՝ նախարարի տեղակալը մանրամասնել է, որ այս դեպքում ոչ միայն բերքը կապահովագրվի բնական աղետներից եւ թույլ կտա ջրի խնայողություն կատարել, այլեւ կիրառվող նոր տեխնոլոգիաների եւ բույսերի սնուցումների տարբեր եղանակների շնորհիվ այգին բերքատվության կանցնի շատ ավելի վաղ, որի շնորհիվ հնարավոր է սեղմ ժամկետում մարել վարկային պարտավորությունը:

«Ինչպես եւ ակնկալվում էր, ֆինանսական կազմակերպությունների կողմից բավականին մեծ է հետաքրքրությունը այս ծրագրերի նկատմամբ: Աշխարհագրությունն ընդլայնվում է, ինչն էլ թույլ է տալիս, որպեսզի գյուղացիական տնտեսությունները կարողանան օգտվել տարբեր կազմակերպությունների ծառայություններից»,- ասել է Վահե Հարությունյանը:
 
«Մենք կարծում ենք, որ չպետք է անմասն մնանք ցանկացած նախաձեռնությունից, որը բխում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման տեսլականից»,- նշել է Գրիգոր Հովհաննիսյանը:

 Արմեն Գաբրիելյանի խոսքով էլ՝ կնքված հուշագրերը հնարավորություն կտան կոոպերատիվի անդամներին ապահովել վարկային նոր գործիքներով:
Դիտում՝ 2555
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW