Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին անփոփոխ է

26.12.2017 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վերաֆինանսավորման տոկոսադրույք #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում կրկին որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով 6% մակարդակը:

Հիշեցնենք, որ տոկոսադրույքի վերջին փոփոխությունը կատարվել էր 2017թ. փետրվարի 14-ին:

«2017թ. նոյեմբերին արձանագրվել է 2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա ընթացքում ավելացել է՝ ամսվա վերջի դրությամբ կազմելով 2,2%: Ակնկալվում է, որ տարեվերջին, ինչպես եւ սպասվում էր, 12-ամսյա գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանում»,- ասված է հաղորդագրությունում:

Արտաքին հատվածում փաստացի զարգացումները հիմնականում համահունչ են եղել ԿԲ կանխատեսումներին, այսինքն՝ շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման եւ միջազգային ապրանքային շուկաների գնաճային միտումները: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ որոշակի գնաճային ազդեցություններ:

Խորհուրդն արձանագրում է, որ 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, գրանցվել է սպասվածին մոտ տնտեսական աճ:

Միեւնույն ժամանակ, հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը զգալիորեն գերազանցել է ակնկալիքները, որը պայմանավորվել է հատկապես ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտներում դիտված բարձր աճերով:

«Ներքին մասնավոր պահանջարկը նույնպես ավելի բարձր է սպասվում, քան կանխատեսվում էր, որին շարունակում է նպաստել ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը եւ ցածր գնաճային միջավայրը: Ներքին պահանջարկի ավելացումը շարունակում է արտահայտվել առեւտրի եւ ներմուծման բարձր աճերում, ինչպես նաեւ բնականոն գնաճի եւ գնաճային սպասումների վարքագծում»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա խթանող մակարդակը՝ հաշվի առնելով պահանջարկի վերականգնման կայունությունն ապահովելու անհրաժեշտությունը եւ գնաճային սպասումների վրա ակցիզային դրույքաչափերի եւ մաքսատուրքերի փոփոխության ազդեցության գերագնահատված լինելը:

Միեւնույն ժամանակ, խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո առաջիկայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար:

Խորհուրդը գնահատում է նաեւ, որ գնաճի ընթացիկ եռամսյակի ծրագրից դեպի վերեւ շեղման ռիսկերն ավելանում են, եւ հաստատում է իր պատրաստակամությունը դրանց դրսեւորման պարագայում համապատասխանորեն ճշգրտելու դրամավարկային քաղաքականության պայմանները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գների կայունությունը:
Դիտում՝ 5381
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW