Հուշանվերներ՝ հայոց արքաների խորհրդանիշերով

02.08.2017 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զարգացման հիմնադրամ #Արմեն Ավակ Ավակյան
Հայաստանի զարգացման հիմնադրամում այսօր քննարկվել է հայոց պետականության խորհրդանիշերի թեմատիկան հուշանվերային բիզնեսի միջոցով խթանելու ծրագիրը, որը հավանության է արժանացել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, հայկական ազգային խորհրդանշանների եւ զինանշանների հարցերով հետազոտող Հայկ Դեմոյանը հիմնադրամի թիմին է տրամադրել հայոց արքաների դիմապատկերների լուսանկարները (բարձր կետայնության), որոնց հիման վրա աշխատանքային խումբը կմշակի հուշանվերների նմուշներ։ Դրանք հետագայում կմտնեն արտադրական փուլ։

Հուշանվերների դիզայնը մշակելիս խնդիր է դրվելու օգտագործել արքայական տոհմերի խորհրդանիշեր, զինանշանների, հանդերձանքի դետալներ եւ այլն։

«Բիզնես նախագծից բացի, հայոց արքաների խորհրդանիշերի թեմատիկայով հուշանվերների արտադրության ծրագիրը նաեւ մեր պետականության, արքաների նվաճումները հանրայնացնելու, քարոզելու գաղափար է կրում»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:  


«Հայկական ազգային ու պետական խորհրդանշանների հանրահռչակումը մեր մշակութային արժեքները, հայ ժողովրդի անցյալի հարուստ ժառանգությունը հաջորդ սերունդներին փոխանցելու եւ մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին հայկական քաղաքակրթության յուրահատուկ ու ինքնատիպ անձնագրի հետ ծանոթանալու լավագույն միջոցներից է: Տարբեր կրիչների վրա դրանց տարածումն ու հանրահռչակումը մեծ նշանակություն կունենան նաեւ Հայաստանից դուրս բնակվող եւ հայկական միջավայրից օտարված երիտասարդ հայորդիներին հայկական ժառանգության հետ առնչվելու տեսանկյունից»,- նշել է Հայկ Դեմոյանը։

Լավագույն նախագիծը կընտրվի բաց մրցույթով, որի ընթացքում հիմնադրամն ակնկալում է հուշանվերների դիզայնի, արտադրության, վաճառքի բիզնես պլան: Հաղթող ընկերությունը կստանա արտադրության պատվերը եւ վաճառքի իրավունք՝ մշակութային օբյեկտներում՝ թանգարաններում, հնավայրերում, զբոսաշրջային տարածքներում: Հիմնադրամը կաջակցի նաեւ արտադրանքի առաջմղման հարցում։

«Ծրագրով նաեւ նպաստում ենք փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, խթանում ենք զբոսաշրջության զարգացումը, դիվերսիֆիկացնում ենք հուշանվերային շուկան, կատարում ենք քարոզչական կարեւոր քայլ` հայոց պատմությունը օտարերկրյա զբոսաշրջիկներին ներկայացնելու գործում»,- նշել է Զարգացման հիմնադրամի հետներդրումային սպասարկման խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։
Դիտում՝ 4309
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW