Անելիք Բանկը գործարկել է պետական ծառայությունների մատուցման միասնական ծրագիրը, որի մեկնարկն այսօր հայտարարել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:Կարեւորելով ծրագրի գործարկումն Անելիք Բանկում՝ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ միասնական ծրագրի նպատակն է քաղաքացիների համար առավել մատչելի դարձնել այն ծառայությունները, որոնք մատուցում են տարբեր պետական մարմինները։ Նրա խոսքով՝ ծրագրի շնորհիվ ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում իրենց համար նախընտրելի վայրից ստանալ ծառայությունները՝ խնայելով ժամանակն ու ռեսուրսները: Ներսես Կարամանուկյանն էլ ասել է, որ բանկը, մշտապես ընդլայնելով եւ կատարելագործելով մատուցվող ծառայություններն ու սպասարկման բարձր որակը, կիրառելու է այդ մոտեցումը նաեւ պետական համատեղ ծրագրի ոլորտում։ Ապագայում Անելիք Բանկի հաճախորդները կկարողանան բանկ հաճախելուց մեկ օր առաջ հեռախոսով պատվիրել իրենց հարկավոր փաստաթղթերը։ Նրա խոսքով՝ պետական ծառայությունների մատուցման միասնական ծրագիրը մինչեւ ապրիլի վերջ կգործարկվի բանկի երեւանյան մասնաճյուղերում, իսկ մինչեւ մայիսի ավարտը նախատեսվում է ծրագրի գործարկումը նաեւ Երեւանից դուրս գտնվող մասնաճյուղերում:Ինչպես հայտնել են բանկում, այսօր «Տիգրան Մեծ» մասնաճյուղում առաջին հաճախորդներն օգտվել են պետական մի շարք ծառայություններից եւ ստացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին, քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ եւ այլ տեղեկանքներ: Tweet Դիտում՝ 3663