Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման գործընթացը պարզեցնելու նպատակով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այսօրվանից գործարկել է մաքսային մուտքի անդորրագրի համակարգը:Ինչպես հայտնել են ՊԵԿ մամուլի ծառայությունում, ֆիզանձիք անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը հաշվառելու եւ, անհրաժեշտության դեպքում, պարտավորությունները վճարելու համար նախկինում կիրառվող ապրանքի հայտարարագրի ներկայացման փոխարեն այսուհետեւ կարող են ներկայացնել ուղեւորային հայտարարագիր, որի հիման վրա մաքսային աշխատակիցը կհաշվառի եւ կհայտնի մաքսային վճարների առկայության ու չափի մասին։ «Ընթացակարգերը պարզեցվել են ավելի քան 5 անգամ. եթե նախկինում ֆիզիկական անձը պարտավոր էր 54 դաշտից բաղկացած բեռնամաքսային հայտարարագիր լրացնել, որը նախատեսված է խոշոր բիզնեսի համար, ապա այսուհետ՝ ընդամենը 11 դաշտից բաղկացած մուտքի անդորրագիր: Այսինքն՝ ֆիզանձը տարանջատվել է կազմակերպությունից»,- նշել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը: «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատան ուղեւորների մաքսային հսկողության բաժնի պետ Անդրանիկ Զաքարյանն էլ նկատել է, որ ձեռնարկված պարզեցումը կհանգեցնի ժամանակի եւ միջոցների տնտեսմանը: «Եթե նախկինում ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս քաղաքացիները հաճախ ստիպված էին լինում դիմել մաքսային միջնորդներին եւ վճարել մատուցվող ծառայությունների դիմաց, ապա այժմ այդ գործընթացն իրականացնելու է մաքսային մարմինը՝ առանց լրացուցիչ վճար գանձելու»,- ասել է նա: ՊԵԿ-ում նշել են, որ նոր համակարգի միջոցով է իրականացվելու նաեւ Հայաստան ժամանակավոր ներմուծվող եւ վերաարտահանվող մարդատար տրանսպորտային միջոցների հաշվառումը, ըստ որի` նոր փաստաթուղթ ներկայացնելու փոխարեն ներմուծման փաստաթղթում նշում է կատարվելու տրանսպորտային միջոցի՝ ՀՀ մաքսային սահմաններից դուրս գալու վերաբերյալ։ Tweet Դիտում՝ 4277