Հանքագործներին մտահոգել է Հարկային օրենսգրքի նոր հայեցակարգը

29.02.2016 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության խորհուրդը քննարկումներ է կազմակերպել ՀՀ հարկային օրենսգրքի նոր հայեցակարգի վերաբերյալ, որը ՀՀ ֆինանսների նախարարությունը նախապատրաստել եւ դրել է հանրային քննարկման: Մոտ ժամանակներս նախատեսվում է այն ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը:

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկումներին մասնակցել են հանքարդյունաբերական ոլորտի մեկ տասնյակից ավելի ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներ, մասնագետներ:

Ըստ նոր հայեցակարգի՝ որոշ հարկատեսակներ, մասնավորապես՝ ընդերքօգտագործման վարձավճարը, նախատեսվում է մեծացնել 30-50%-ով, ինչը, ըստ, քննարկման մասնակիցների, վտանգում է ոլորտի նորմալ գործունեությունը:

Միաժամանակ` լեռնագործ մասնագետները մտահոգություն են հայտնել, որ հարկային օրենքների հաճախակի փոփոխությունները չեն նպաստում ներդրումներին, ավելին՝ վանում են պոտենցիալ ներդրողներին:

«Հաշվի առնելով միջազգային շուկայում մետաղների գների աննախադեպ ու դեռեւս անորոշ ժանանակով անկումը, որի հետեւանքով մի շարք ընկերություններ աշխատում են վնասով, իսկ մի քանիսն արդեն փակվելու վտանգի առաջ են կանգնած, պարզապես աներեւակայելի է հարկերը 30-50%-ով բարձրացնել: Մեծ երեւակայություն հարկավոր չէ պատկերացնելու, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ դա առանձին բնակավայրերի ու անգամ ամբողջական տարածաշրջանների բնակիչների համար, որոնց եկամտի միակ  աղբյուրը չգնաժամի հորձանուտում հայտնված հանքարդյունահանող ձեռնարկություններն են»,- ասված է հաղորդագրությունում:

Նիստի մասնակիցները որոշել են ոլորտի մասնագետների եւ փորձագետների օգնությամբ ավելի հստակեցնել իրենց մտահոգող առաջարկություններն այս մոտեցումների վերաբերյալ եւ տալ դրանց իրատեսական հաշվարկներ ու ձեւակերպումներ:

Այդ նպատակով Հանքագործների եւ մետալուրգների միության խորհուրդը որոշել է շարունակել քննարկումները՝ դրանցում ներգրավելով փորձագետ մասնագետների:

Դիտում՝ 3624
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW