Երեւան, 20 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայկական 21 առեւտրային բանկերից 12-ն օգտագործում են “Բանկ-Հաճախորդ” համակարգը, որը թույլ է տալիս հաճաժորդներին ինքնուրույն իրականացնել բանկային գործարքներ` ինտերնետի միջոցով:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հայկական բանկերի մեծամասնությունն օգտագործում են հայրենական “Հայկական ծրագրեր“, “L-Soft” եւ “Private Link” ընկերությունների, ինչպես նաեւ ռուսաստանյան “Դիասոֆթ” ընկերության ծրագրերը: Նշված 12 բանկերից շատերը “Բանկ-Հաճախորդ” համակարգը ներդրել են միայն 2006 թվականին, եւ դրանով է պայմանավորված այն օգտագործողների սակավաթվությունը, կամ նույնիսկ բացակայությունը: Մասնավորապես, “Արարատ-Բանկում“, “Հայբիզնեսբանկում” եւ “ԻԹԲ Միջազգային առեւտրային բանկում” դեռեւս չկան “Բանկ-Հաճախորդ” համակարգից օգտվողներ: Այն բանկերում, որոնք “Բանկ-Հաճախորդ” համակարգը ներդրել են 1-2 տարի առաջ, դրանից հիմնականում օգտվում են իրավաբանական անձինք: “Զարգացման Հայկական Բանկը“ “Բանկ-Հաճախորդ”համակարգը ներդրել է 2004 թվականին, եւ այսօր դրանից օգտվում են բանկի հաճախորդների ընդհանուր թվի 7%: ”Առէկսիմբանկում“ գործում են երկու էլեկտրոնային համակարգեր` E-bank ֆիզիկական անձանց համար եւ “Բանկ-Հաճախորդ”` իրավաբանական անձանց համար: Առաջինը օգտագործում են մի քանի հաճախորդներ, իսկ “Բանկ-Հաճախորդ”-ից օգտվող կազմակերպությունների թիվը հասնում է 50-ի: “ԲՏԱ-Ինվեստ Բանկը“ “Բանկ-Հաճախորդ»” համակարգը ներդրել է 2005 թվականին, եւ այսօր դրանից օգտվում են 8 իրավաբանական անձինք: “ՎՏԲ-Հայաստան Բանկում” “Բանկ-Հաճախորդ” համակարգից օգտվողների թիվը 48-ն է, ինչը պակաս է բանկի հաճախորդների ընդհանուր թվի 1%-ից: “Կասկադ-Բանկում” համակարգն օգտագործողների թիվը կազմում է հաճախորդների ընդհանուր թվի 1%-ից փոքր-ինչ ավելին: “Յունիբանկում“ “Բանկ-Հաճախորդ” համակարգը ներդրվել է 2006 թվականին եւ դրանից օգտվում են 130 հաճախորդներ: “Պրոմեթեյ Բանկում“ “Բանկ-Հաճախորդ” համակարգը չի ներդրվել` պահանջարկի բացակայության պատճառով, սակայն բամկի հաճախորդները կարող են հետեւել իրենց հաշվին բանկի ինտերնետային կայքի միջոցով: ”Ինեկոբանկում” ներդրվել է ինտերնետ-ծառայություն, որի շնորհիվ հաճախորդները կարող են մարել վարկերն պլաստիկ քարտերի միջոցով: “Հայէկոնոմբանկում” “Բանկ-Հաճախորդ” համակարգը ներդրվել էր դեռեւս 2000 թվականին, սակայն ներկայումս բանկի ՏՏ-մասնագետներն աշխատում են տեխնոլոգիաների նորացման ուղղությամբ, եւ ծառայությունը ժամանակավորապես դադարեցված է: Հայկական 3 բանկերում “Բանկ-Հաճախորդ” համակարգը մտադիր են ներդնել առաջիկա ամիսներին, կամ հաջորդ տարի: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7691