Սևադա Բաղդյան. Թոփ մենեջերների որոնմամբ զբաղվող ամերիկյան Boyden ընկերությունը մուտք է գործում ՀՀ

14.04.2023 | 07:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Executive Search-ի ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից ամերիկյան Boyden-ը մուտք է գործում Հայաստանի և Վրաստանի շուկա։ Boyden ընկերության գործընկեր և հայաստանյան ու վրաստանյան գրասենյակների ղեկավար է դարձել Սևադա Բաղդյանը, ով երեք տարի առաջ հիմնել էր բարձր օղակների ղեկավարների որոնման հայկական Ռելեվանտ ընկերությունը։

- Պարոն Բաղդյան, նախ շնորհավորում ենք։ Սակայն նախքան այդ մասին խոսելը խնդրում ենք ամփոփ ներկայացնել Ձեր հիմնած  ընկերության երեք տարվա գործունեությունը։

- Շնորհակալ եմ։ Այս երեք տարիները մեզ համար եղել են բավական հագեցած։ Ունեցել ենք հետաքրքիր նախագծեր, համագործակցել ենք բազմաթիվ առաջատար ընկերությունների հետ և օգնել նրանց գտնել ղեկավարներ, որոնք կլուծեն ընկերությունների առաջ կանգնած խնդիրները։ Կարող եմ ասել, որ տարեցտարի ավելի հաճախ են ընկերությունները դիմում executive search ծառայությանը՝  ղեկավար կարևոր հաստիքներ լրացնելու համար։

Շատ ոգևորող հանգամանք է, երբ տեսնում ենք հաճախորդի բիզնեսի առաջխաղացումը և մեր կողմից գտած մասնագետի ներդրումն այդ գործընթացի մեջ։
Երեք տարվա ընթացքում մեր հաճախորդների 70%-ն երկու և ավելի անգամ է դիմել մեր ծառայությունից օգտվելու համար։ Սա համարում եմ բարձր գոհունակության ցուցանիշ, քանի որ executive search-ի ծառայությունից բիզնեսներն օգտվում են ոչ ամեն օր։ Հնարավոր է` մի քանի տարի շարունակ ընկերությունը չունենա նման ծառայության կարիք, քանի որ բարձր օղակի հաստիքները հազվադեպ են դառնում թափուր, բացի այդ ընկերությունները թափուր հաստիքներն առաջնահերթ լրացնում են ներքին ռեսուրսի հաշվին կամ սեփական ուժերով գտնում են աշխատաշուկայից։

Այնպես որ, վստահ եմ, մյուս 30%-ը մեզ կրկին դիմելու առիթ դեռ կունենա։

- Կնշե՞ք` որ ոլորտներում եք ունեցել համագործակցություն և ի՞նչ ընկերությունների հետ։

- Ոլորտային սահմանափակում չունենք, աշխատել ենք տարբեր ոլորտների հետ՝ ֆինանսաբանկային, արտադրական, ռիթեյլ, ծառայությունների, դեղագործական, ՏՏ, հանքարդյունաբերության և ՀոՌեԿա։ Մեզ հետ համագործակցող ընկերությունները մեծամասամբ միջին կամ խոշոր բիզնեսներ են. չեմ մտաբերում ընկերություն, որը 1000 խոշորագույն հարկատուների ցանկում չլինի։ Մեր հաճախորդների մի մասը ներկայացված է «Ռելեվանտի» կայքում։ Կան ընկերություններ, որոնք ցանկացել են, որ համագործակցությունը տարբեր պատճառներով գաղտնի մնա։ Օրինակ, լինում են դեպքեր, երբ գործող ղեկավարների փոփոխության կարիք է լինում, և մենք պրոցեսն իրականացնում ենք գաղտնի։

- Վերադառնանք գլխավոր հարցին․ կպատմեք՝ ի՞նչ ընկերություն է Boyden-ը։

- «Բոյդեն»-ն աշխարհի առաջատար executive search ընկերություններից մեկն է։  Այն հիմնադրվել է 1947 թ-ին ԱՄՆ-ում և աշխատում է 50-ից ավել երկրներում։  Ասում են, որ դա առաջին ընկերությունն է, որը սկսել է պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել executive search-ով և ոլորտում ընդունված մեթոդաբանությունը և էթիկայի նորմերի սկիզբը դրվել է հենց «Բոյդեն»-ի կողմից, որոնք էլ այս պահին ակտիվորեն օգտագործում են ոլորտի առաջատար այլ ընկերություններ։

Սևադա Բաղդյանը


Բոյդենը հանդիսանում է Գործադիր ղեկավարների փնտրման համաշխարհային ասոցիացիայի (AESC, Association of Executive Search Consultants) համահիմնադիրը:
Ֆորբսն ամեն տարի հրապարակում է առաջատար executive search ընկերությունների ցանկը և Boyden-ը գրեթե միշտ լավագույն տասնյակում է։

Ընկերությունը հիմնականում աշխատում է մեծ տնտեսություն ունեցող երկրներում, փոքր տնտեսությամբ երկրները, ցավոք, այդքան էլ հետաքրքիր չեն նման կազմակերպությունների համար։ Եվ ես շատ ուրախ եմ, որ երկարատեւ բանակցությունների արդյունքում հաջողվեց համագործակցությունը՝ և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում կլինի executive search ոլորտի առաջատար ընկերության գրասենյակ։ Բոյդենի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, սակայն մեր տարածաշրջանային կենտրոնը Ղազախստանում է։

- Իսկ ինչպե՞ս է համատեղվելու Boyden-ի հետ գործընկերությունը «Ռելեվանտի» աշխատանքի հետ։

- Համագործակցության մոդելը գործընկերային է (partnership), որն ավելի ընդունված է աուդիտորական և իրավաբանական միջազգային ընկերություններում։ Ես դարձել եմ «Բոյդեն» ընկերության գործընկերը Հայաստանում և Վրաստանում, և մենք «Ռելեվանտի» թիմով շարունակելու ենք մեր հաճախորդներին սպասարկել արդեն Boyden բրենդի ներքո։

Հաճախորդների և մասնագետների համար մենք կլինենք արդեն Boyden-ի հայաստանյան գրասենյակի թիմ։ Այս պահին ակտիվ մեծացնում ենք մեր թիմը, քանի որ ունենք նախագծերի ծավալի ավելացում, ինչպես նաև շուտով կունենանք նոր ծառայություններ, որոնք կրկին կվերաբերեն բարձր օղակի ղեկավարներին։

Կարծում եմ՝ տարվա երկրորդ կեսին կբացենք նաեւ Վրաստանի գրասենյակը, իսկ մինչ այդ Վրաստանի նախագծերը կսպասարկենք Հայաստանի գրասենյակում։

- Կասեք՝ ո՞րն էր պատճառը, որ, Հայաստանում ունենալով executive search ոլորտում արդյունավետ գործունեություն իրականացնող ընկերություն, չծավալվեցիք դեպի այլ երկրներ՝ նոր գրասենյակներ բացելով, փոխարենը որոշեցիք միջազգային ընկերության ներկայացուցիչ դառնալ։

- Այս հարցի շուրջ մտածել եմ գրեթե մեկ տարի։ Իմ նախկին փորձը որպես Menu.am-ի համահիմնադիր ինձ հուշում էր, որ պետք է զարգանալ դեպի դուրս և գրավել նոր շուկաներ, օգտագործել նորամուծություններ։ Սակայն executive search ոլորտն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել։ Այս ոլորտում, իհարկե, լինում են նորամուծություններ, սակայն այստեղ ավելի կարևոր է կուտակած փորձը։ Մեր գործառույթը միայն ղեկավարներ գտնելը չէ. դա այնքան էլ դժվար չի դիջիթլ ժամանակաշրջանում։ Մեր խնդիրն է գտնել ղեկավարներ, որոնք համատեղելի են ընկերությունների երկարաժամկետ ռազմավարության հետ և կունենան փոխշահավետ համագործակցություն։ Այս հարցի լուծումն ունի բազմաթիվ շերտեր և հիմնարար հարցեր, որոնք վերաբերում են և՛ բիզնեսին, և՛ ղեկավարներին։
Այս փորձառությունը հնարավոր չէ միայն ուսանելով կամ գիրք կարդալով, սա տարիների կուտակված փորձ է։ Ես ընտրեցի այս փորձառությանն անմիջապես հասանելիություն ունենալը՝ միանալով Boyden-ին։

- Իսկ ի՞նչ կտա այս համագործակցությունը հայկական և վրացական բիզնեսներին և տեղացի ղեկավարներին։

- Ե՛վ ՀՀ-ում, և՛ Վրաստանում կորպորատիվ կյանքը և մշակույթն ունեն ընդամենը 30 տարվա պատմություն և գտնվում են աճի և կայացման փուլում։ Դա մի ճանապարհ է, որն աշխարհում շատ երկրներ և բիզնեսներ վաղուց անցել են, իսկ այդ ճանապարհին իրենց խորհուրդներով և գտած ղեկավարներով բիզնեսների կողքին են եղել Boyden-ի հարյուրավոր խորհրդատուներ և գործընկերներ։ Հիմա այս կուտակված փորձը մեր գրասենյակի դռնով մուտք կգործի տարածաշրջան և կհայտնվի մեր հաճախորդների բիզնեսներում։

Բացի այդ, Boyden-ի տարբեր գրասենյակների հետ համագործակցության միջոցով մենք կարող ենք օգնել ՀՀ և Վրաստանի բիզնեսներին, եթե դրանք ցանկանում են իրենց ընկերություն հրավիրել միջազգային փորձ ունեցող ղեկավարների կամ ուզում են այլ երկրում բացել մասնաճյուղ և կարիք ունեն տեղում հավաքագրելու ղեկավար անձնակազմ։

Նույն ճանապարհով տեղացի բարձր օղակի ղեկավարները կարող են հայտնվել արտասահմանում, եթե մեր գործընկերներն ունենան համապատասխան մասնագետների կարիք։
Դիտում՝ 76229
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW