Ինչպես վիճեցին Օլեգ Տինկովն ու Պյոտր Ավենը

16.10.2019 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Օլեգ Տինկով #Պյոտր Ավեն
Ալֆա-Բանկի համասեփականատեր Պյոտր Ավենը եւ «Տինկոֆ» բանկի հիմնադիր Օլեգ Տինկովը Finopolis ֆինանսական նորարարությունների ամենամյա համաժողովի ընթացքում վիճել են բանկային բաժանմունքների ապագայի շուրջ:

Ֆիզիկական բաժանմունքները կշարունակեն գոյություն ունենալ, քանի որ մարդկանց անհրաժեշտ է կենդանի շփում, վստահ է Ավենը: Տինկովը հակառակ դիրքորոշումն ունի. բանկային բաժանմունքներ չպետք է լինեն, քանի որ դա է ապագայի մոդելը:

Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի»-ն, Ավենը պատմել է, որ դեռեւս մի քանի տարի առաջ իր եւ Տինկովի միջեւ բանավեճ է եղել այն մասին, որ ապագայում բաժանմունքներ ընդհանրապես չեն լինի եւ չի լինի ֆիզիկական ներկայություն:

«Ես վստահ էի, որ մարդկանց, համակարգչին եւ հեռախոսին զուգահեռ, անհրաժեշտ է կենդանի շփում: Ես լիովին համոզված եմ, որ բաժանմունքներն անհրաժեշտ են լինելու: Եվ «Տինկոֆ» digital բանկի օրինակը, որն այժմ առեւտրային կետերում սկսել է տեղադրել իր տաղավարները, որտեղ հաճախորդներին վաճառվում են վարկային քարտեր, շատ լավ վկայում է այդ մասին»,- նշել է Ալֆա-Բանկի համասեփականատերը:

Տինկովի խոսքով՝ իր բանկը չունի եւ չի ունենա բաժանմունքներ: Այն տաղավարները, որոնց մասին նշում էր Ավենը, «Տինկոֆ մոբայլ» վիրտուալ օպերատորի վաճառքի փորձարկումներն էին, պարզաբանել է նա: «13 տարի առաջ մենք ասել ենք՝ բաժանմունքներ չպետք է լինեն, եւ մենք կարծում ենք, որ դա ճիշտ, ապագային միտված մոդել է»,- ընդգծել է Տինկովը:

Չնայած բաժանմունքների բացակայությանը՝ «Տինկոֆ»-ում աշխատում է ավելի շատ մարդ, քան Ալֆա-Բանկում՝ համապատասխանաբար 25 000 եւ 23 000 աշխատակից, նշել է Ավենը:

«Դա փոքր բանկ է՝ մեծաքանակ անձնակազմով»,- կատակել է նա: Տինկովը հաստատել է, որ իր բանկում ավելի շատ մարդ է աշխատում՝ հավելելով, որ «այստեղ հպարտանալու առիթ չկա»: Ավելի ուշ նա ճշտել է, որ իր բանկում աշխատում է 28 000 մարդ, որոնցից միայն 3000-ն է բանկիր, իսկ մնացածը կատարում են ծառայության հետ կապված գործառույթներ: «Տինկոֆ»-ը նախատեսում է նվազեցնել անձնակազմի թիվն արհեստական բանականության օգնությամբ, որը կկատարի առօրյա գործառույթները:

«Տինկոֆ»-ը չունի եւ երբեւիցե չի ունեցել բաժանմունքներ: Հաճախորդները կարող են հաղորդակցվել բանկի ներկայացուցչի հետ մոբայլ հավելվածի, կայքի եւ հեռախոսի միջոցով: Ալֆա-Բանկն ունի 791 բաժանմունք Ռուսաստանում եւ արտասահմանում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 15796
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW