Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին: Ինչպես հայտնել են բանկից, 28.11.2023-12.01.2024-ն ընկած ժամանակահատվածում տեղաբաշխվել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 12,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 36 ամիս ժամկետով:Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասել է, որ գործընկեր «Եվրոթերմ»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը նոր հաջողված փորձառություն է Կոնվերս Բանկի համար: «Տեղաբաշխման վաղաժամկետ ավարտը վկայում է պարտքային արժեթղթերի մասով ՀՀ ֆինանսական շուկայում նկատվող պահանջարկի, ինչպես նաեւ Եվրոթերմ/Նոյան ապրանքանիշերի նկատմամբ վստահության մասին:Բանկը նպատակ ունի այսուհետ եւս իրականացնել տնտեսության իրական հատվածի ընկերությունների պարտատոմսերի թողարկում եւ տեղաբաշխում՝ հաճախորդների համար ստեղծելով տարբեր ոլորտների ընկերությունների արժեթղթերում ներդրումների, իսկ թողարկող ընկերությունների համար՝ ֆինանսների ներգրավման նոր հնարավորություններ: Կոնվերս Բանկը բաց եւ պատրաստակամ է այս ծառայությունները մատուցել այն ընկերություններին, որոնք ցանկանում են հայտնվել ֆինանսական շուկաներում, օգտվել դրանց հնարավորություններից եւ դիվերսիֆիկացնել պասիվների կառուցվածքը: Ընդ որում, թողարկման ողջ գործընթացը՝ փաստաթղթերի հավաքագրմանը աջակցությունից մինչեւ տեղաբաշխման ավարտ, կկազմակերպվի Կոնվերս Բանկի կողմից՝ այդ թվում թվային նոր տեխնոլոգիաների կիրառմամբ»,- ասել է նա:Հայտարարված ձեռքբերման ցածր շեմի (նվազագույնը տասը հատ պարտատոմս՝ յուրաքանչյուրը 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով) շնորհիվ դրանք հասանելի են դարձել ավելի քան 150 ներդրողի: Converse Mobile հավելվածի պարզ օգտագործումն էլ ավելի է հեշտացրել ներդրման գործընթացը: Ընդհանուր առմամբ, պարտատոմսերի ավելի քան 70%-ը տեղաբաշխվել է հավելվածի միջոցով:Պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա` երկրորդային շուկայում շրջանառելու համար: Որպես պարտատոմսերի շուկա ստեղծող հանդես կգա Կոնվերս Բանկը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 7992