Այսօր Արարատբանկի գլխամասային գրասենյակում հայտարարվել է բանկի արժեկտրոնային պարտատոմսերի 11-րդ թողարկման մասին:Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով պարտատոմսերի նախորդ թողարկումների արդյունքները, նշել է, որ Արարատբանկն արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է, եւ հաշվի առնելով նախորդ թողարկումների ժամանակ դրսեւորված պահանջարկը` այս անգամ եւս առաջարկում է դոլարային պարտատոմսեր: Նշվել է նաեւ, որ 2015թ. բանկի կողմից թողարկված պարտատոմսերով կատարվել է շուրջ 130 գործարք` 1մլն դոլար եւ 219 մլն դրամ ընդհանուր ծավալով: Բանկի գործադիր տնօրենի տեղակալը, անդրադառնալով նոր պարտատոմսերի թողարկմանը, նշել է, որ թողարկվել է 1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով 40 000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով եւ 3 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի բաժանորդագրությունն իրականացվելու է հունիսի 6-17-ը: Բանկում նշել են, որ պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում եւ գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի արտարժութային պարտատոմսերով առքուվաճառք իրականացնելուց բացի՝ կնքել ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ անգամ։ Tweet Դիտում՝ 7181