Եվրամիության պարտքային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա էական չի լինի, վստահ են ԿԲ-ում
11.10.2011 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /


«Այս պահին հիմնական խնդիրը դոլար-եվրո փոխարժեքն է, եւ դրանից ածանցված միջազգային շուկաներում այլ տատանումները: Մասնավորապես, եվրոպական երկրների պարտքային ցուցանիշների բարձր մակարդակը բերում է նրան, որ ներդրողները եվրոյից անցում են կատարում այլ արժութային կամ ապրանքային գործիքների: Մեր վրա դա կարող էր ազդել, եթե մեր բանկերը ակտիվային կամ պասիվային մասով ունենային եվրոյով ներգրաված կամ տեղաբաշխված միջոցներ:
Մինչդեռ արտարժութային միջոցների ավելի քան 90%-ը Հայաստանի բանկային համակարգում ամերիկյան դոլարով է, եւ այս տեսանկյունից ուղղակի ազդեցություն մեր տնտեսության վրա մենք չենք ակնկալում: Ներգրաված պարտավորությունները մեծամասամբ ԱՄՆ դոլարով են եւ երկարաժամկետ են», - ասել է Վահե Վարդանյանը:
Ըստ նրա, ազդեցությունը մեր տնտեսության վրա կարող է լինել համաշխարհային տնտեսական պահանջարկի նվազման հետեւանքով:
«Միջազգային կառույցները եւս ակնկալում են, որ համաշխարհային տնտեսական աճը չի լինի այն մակարդակի, որը կանխատեսվում էր մինչեւ այդ խնդիրների խորանալը, համաշխարհային պահանջարկը կարող է նվազել, ինչը ենթադրում է նաեւ պահանջարկի նվազում այն հիմնական ապրանքատեսակների նկատմամբ, որը մենք արտահանում ենք, մասնավորապես՝ պղնձի եւ մոլիբդենի», - ասել է Վահե Վարդանյանը:
Սակայն նրա խոսքերով, դա եւս մեր տնտեսության եւ ֆինանսական համակարգի վրա շատ մեծ ազդեցություն չի թողնի: «Որքան էլ համաշխարհային պահանջարկը նվազի աճի դանդաղման հետեւանքով, հավանականությունը, որ մետաղների գներում կլինեն կտրուկ տատանումներ, շատ փոքր է: Գրեթե բոլոր կանխատեսումներով, գները կմնան այսօրվա մակարդակում, իսկ եթե նույնիսկ նվազում լինի, այն էական չի լինի », - ասել է Վահե Վարդանյանը:
Անդրադառնալով Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մաս կազմող մասնավոր տրանսֆերտներին, որոնց նվազումը հարվածեց տնտեսությանը 2009-ին, Վահե Վարդանյանն ասել է, որ այս առումով եւս դրամատիկ զարգացումներ չեն սպասվում:
«Նավթի գները ուղղակի կոռելացված են Ռուսաստանում եկամուտների մակարդակի հետ, իսկ մեր տրանսֆերտների 75-80%-ը գալիս է Ռուսաստանից: Այն ժամանակ, երբ նավթի գներն անկում են ապրում եւ Ռուսաստանի բյուջեն, որպես հետեւանք, դեֆիցիտային է լինում, դա ունենում է մեր տնտեսության վրա բացասական ազդեցություն, քանի որ տրանսֆերտները քիչ են ներհոսում Հայաստան», - ասել է ՀՀ ԿԲ ներկայացուցիչը: Նա նշել է, նավթի գների կտրուկ անկում չի սպասվում:
«Կենտրոնական բանկը գնահատում է, որքանով են տարատեսակ ֆինանսատնտեսական զարգացումները ազդելու ձեռնարկությունների եւ անհատների պարտավորությունները մարելու ունակության վրա: Այդ տեսանկյունից ակնհայտ ռիսկեր այս պահի դրությամբ մենք չենք տեսնում», - եզրափակել է ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետը:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: