Ջազը հաճախ նկարագրում են որպես ազատություն, բայց ներսից այն կառուցված է խիստ կարգապահության վրա։ Նույն հակադրությունն է նաեւ բիզնեսում՝ հատկապես այնտեղ, որտեղ խոսքը կապիտալի երկարաժամկետ կառավարման մասին է։Հենց այս հատման կետում է ձեւավորվել Wilco կապիտալի կառավարման ընկերության եւ Ուլիխանյան ջազ ակումբի համագործակցությունը։Wilco-ում իրենց դերը հաճախ բնորոշում են որպես «co-pilot»՝ ուղեկից այն մարդկանց համար, որոնք մտածում են ոչ միայն այսօրվա, այլեւ գալիք տասնամյակների մասին։«Կապիտալի համար կայուն ապագա կառուցելը ենթադրում է նաեւ այն միջավայրի զարգացումը, որտեղ այդ կապիտալը գոյություն ունի», - ասում է ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Օլգա Օմելչենկոն։Ուլիխանյան ջազ ակումբում վերջին շաբաթներին փոխվել է ոչ միայն ծրագիրը, այլեւ՝ հնչողությունը։ Ակումբը թարմացրել է բարձրախոսները, սկսել է աշխատել սրահի ակուստիկայի բարելավման ուղղությամբ։Կազմակերպվել են համերգներ արտասահմանյան երաժիշտների մասնակցությամբ՝ փորձի փոխանակման եւ նոր կապերի ստեղծման նպատակով։ Ակումբի տնօրեն Վարդան Ուլիխանյանի խոսքով՝ տեխնիկական թարմացումը երկար ժամանակ հետաձգվում էր ֆինանսական սահմանափակումների պատճառով։«Այն դաշնամուրը, որը բերել էի մեր տնից, այն թմբուկները, որոնք բերել էր մեր թմբկահարը, եւ այն տեխնիկան, որը մենք ունեինք, արդեն թույլ չէր տալիս որակ ապահովել», - խոստովանում է նա։Նրա խոսքով՝ բիզնեսի ներգրավվածությունը գործնական անհրաժեշտություն է․ «Նման մշակութային հաստատությունները պարզապես չեն կարող սեփական ուժերով զարգանալ», - ասում է Վարդան Ուլիխանյանը։Wilco-ում շեշտում են, որ իրենց դերը սահմանափակվում է աջակցությամբ՝ որեւէ միջամտություն ստեղծագործական գործընթացին չկա։ Օլգա Օմելչենկոն Լուսանկարը՝ Վանյա Բերյոզկին «Ստեղծագործական ազատությունն ու արտիստների ընտրությունը մնում են ակումբի իրավասության ներքո», - շեշտում է Օլգա Օմելչենկոն։Համագործակցությունը ձեւավորվել է արժեքների համընկման հիման վրա։ Ընկերությունում նշում են, որ կապիտալի կառավարման իրենց մոտեցումը՝ երկարաժամկետ պլանավորում եւ ճկուն որոշումներ, համեմատելի է ջազային մտածողության հետ։«Ջազը երաժշտություն է, որտեղ վարպետությունը համակցվում է իմպրովիզացիայի կարողության հետ։ Այս արժեքները մեզ համար նույնպես առանցքային են», - նշում է նա։Ուլիխանյան ջազ ակումբը հիմնադրման օրվանից գործել է որպես համայնքային հարթակ։ Այստեղ հավաքվել են ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ երաժիշտներ։ Ակումբի շուրջ ձեւավորվել է միջավայր, որտեղ երիտասարդները հնարավորություն են ստացել նվագել պրոֆեսիոնալների հետ։«Մենք պարզապես բոլորով միասին ստեղծում էինք այն, ինչ ուզում էինք», - ասում է Վարդան Ուլիխանյանը՝ նշելով, որ տարիների ընթացքում ձեւավորվել է կայուն երաժշտական համայնք։Ակումբում արդեն անցկացվում են համերգներ Wilco-ի աջակցությամբ։ Բացի այդ, նախատեսվում է պարբերական հանդիպումներ ջազմենների հետ՝ ոլորտի խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու համար։ Առաջին նման հանդիպումը նախատեսված է ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրը։ Վարդան Ուլիխանյանը Լուսանկարը՝ անձնական արխիվ Համագործակցությունը նաեւ ոչ ֆորմալ գծեր ունի։ Ստեղծվել է եւ արդեն ընդգրկվել մենյուում նոր կոկտեյլ՝ ներշնչված է Նոր Օռլեանի Sazerac-ից։ Այս փորձը եւս ցույց է տալիս, թե ինչպես են տարբեր մշակութային շերտեր հատվում մեկ տարածքում։Համագործակցության կարեւորությունը պայմանավորված է նաեւ ոլորտում առկա խնդիրներով։ Հայաստանում ջազային կյանքը շարունակում է կենտրոնացած մնալ Երեւանում, իսկ մարզերում բացակայում են համապատասխան պայմաններ։«Խնդիր կա գոնե մեծ քաղաքներում ունենալ պրոֆեսիոնալ տեխնիկայով եւ որակյալ գործիքներով համալրված դահլիճներ», - նշում է Վարդան Ուլիխանյանը։Նրա խոսքով՝ հանդիսատեսի քանակը եւս խնդիր է մարզերում, ինչի պատճառով կազմակերպիչները հաճախ նախընտրում են այլ ժանրեր։ Արդյունքում արտասահմանյան երաժիշտների այցերը սահմանափակվում են մեկ կամ երկու համերգով Երեւանում։Այս պայմաններում ակումբը կարեւորում է փառատոնների զարգացումը եւ նոր միջոցառումների ստեղծումը մարզերում՝ լսարան ձեւավորելու համար։Մեկ այլ խնդիր էլ կա՝ լսարանի վերաբերմունքը։ Վարդան Ուլիխանյանի խոսքով՝ Հայաստանում ջազը հաճախ ընկալվում է որպես ֆոնային կամ «մոդայիկ» երաժշտություն, ինչը չի համապատասխանում դրա իրական բնույթին։«Կենդանի երաժշտությունն ունի իր անբացատրելի գաղտնիքները, եւ երաժիշտը զգում է սրահում գտնվող յուրաքանչյուր մարդու շնչառությունն ու տրամադրությունը։ Վստահ եմ՝ հենց հանդիսատեսը «բռնի» այն մագիան, որին մասնակից է դառնում, նա կվարակվի ջազով», - ասում է նա։ Վարդան Ուլիխանյանը Լուսանկարը՝ անձնական արխիվ Ուլիխանյանը նաեւ նշում է, որ հանդիսատեսի վարքագիծը ուղղակիորեն ազդում է համերգի ընթացքի վրա։Wilco-ում ասում են, որ նման նախագծերը իրենց համար նաեւ արժեքների արտահայտման ձեւ են։«Այսպիսի համագործակցությունները հնարավորություն են տալիս գործով հաստատել մեր մոտեցումները եւ ներգրավված լինել համայնքի կյանքում», - ասում է Օլգա Օմելչենկոն։Նրա խոսքով՝ մշակույթին աջակցելը նպաստում է նաեւ բրենդի ընկալմանը՝ որպես երկարաժամկետ մտածողությամբ գործընկեր։ Համագործակցության արդյունավետության գնահատման հիմնական չափանիշը կլինի ջազային համայնքի զարգացումը։Հայաստանում մշակույթ-բիզնես համագործակցությունը դեռ ձեւավորման փուլում է։ Վարդան Ուլիխանյանի գնահատմամբ՝ ավելի զարգացած է բարեգործության մոդելը, մինչդեռ համակարգված բիզնես ներգրավվածությունը դեռ սահմանափակ է։Այս ֆոնին նման համագործակցությունները դիտարկվում են որպես փորձ՝ ձեւավորելու նոր մոդել, որտեղ բիզնեսը ներգրավվում է ոչ միայն հովանավորության, այլ նաեւ երկարաժամկետ գործընկերության տրամաբանությամբ։Աստղիկ Հովհաննեսով Tweet Դիտում՝ 8290