"Ազգ", Հոկտեմբեր 31, 2007 թ. Վերջին տարիներին Հայաստանում բավականին արագ թափով է զարգանում աուդիտի եւ խորհրդատվական ծառայությունների ոլորտը: Ծառայությունների այս շուկայի հիմնական գործող ընկերություններից մեկն է համարվում «Գրանթ Թորնթոն Ամիո»-ն («Grant Thornton Amyot»): 2007 թվականը մեր երկրում խորհրդատվական եւ աուդիտորական ծառայություններ մատուցող այդ առաջատար ընկերության համար առանձնահատուկ տարի է. այս տարի լրանում է ընկերության հիմնադրման տասը տարին: Սույն թվականի նոյեմբերի 1-3-ը, «Գրանթ Թորնթոն Ամիո» աուդիտորական եւ խորհրդատվական ընկերության տասնամյակի կապակցությամբ Հայաստան են ժամանելու Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ ցանցի նŖϕUՕVUؖU˕ٕ֕Ŗ, մասնավորապես Գրանթ Թորնթոն Ֆրանսիայի նախագահ Դանիել Քուրքջյանը: Տեղի կունենան հանդիպումներ ՀՀ իշխանությունների եւ բանկային համակարգի ղեկավարների հետ: Անցած ճանապարհի եւ ոլորտի զարգացման հեռանկարներին է առնչվում մեր հարցազրույցը «Գրանթ Թորնթոն Ամիո»-ի բաժնետեր, բանկային աուդիտի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի հետ: - Որպես «Գրանթ Թորնթոն Ամիո»-ի բաժնետեր եւ բանկային աուդիտի տնօրեն ինչպե՞ս կգնահատեիք անցած տասը տարվա ընթացքում բանկային աուդիտի ոլորտի զարգացման դինամիկան: - Առհասարակ աուդիտի ոլորտում զարգացման դինամիկան զգալի չափով պայմանավորված է լինում երկրի ամբողջ տնտեսության, իսկ բանկային աուդիտի դեպքում՝ պետության բանկային համակարգի զարգացմամբ: Մեր ընկերությունը բանկային աուդիտով սկսեց զբաղվել դեռեւս 1997-ից՝ զուգահեռաբար անցնելով հայաստանյան բանկային համակարգի զարգացման բոլոր փուլերը: Բանկային համակարգը՝ որպես մեր տնտեսության թերեւս ամենազարգացած ոլորտներից մեկը, առաջիններից էր, որտեղ օբյեկտիվորեն միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան աուդիտի եւ խորհրդատվական ծառայություններ ստանալու կարիք առաջացավ: Եվ սա բնական էր, քանի որ մեր երկրի բանկային համակարգը մշտապես գտնվում էր միջազգային ֆինանսական կառույցների ուշադրության կենտրոնում, նրա կայացման համար լուրջ վարկային ռեսուրսներ էին հատկացվում եւ այլն: Բացի այդ, հայաստանյան բանկային կապիտալի մեջ կեսից ավելին օտարերկրյա ներդրումներն են: Այսինքն՝ հենց բանկերն առաջին հերթին պետք է առավելագույնս թափանցիկ դառնային թե՛ միջազգային ֆինանսական եւ վարկատու կազմակերպությունների, թե՛ օտարերկրյա ու տեղացի ներդնողների համար, ինչպես նաեւ բանկերի գործընկերների (օրինակ` գործընկեր բանկերի) եւ մյուս հաճախորդների համար: Թվարկածս բոլոր շահագրգիռ կողմերին բնականաբար ճշգրիտ ֆինանսական տեղեկատվություն էր անհրաժեշտ, ինչը վավերացված կլիներ վստահություն վայելող հեղինակավոր միջազգային աուդիտորական ընկերության կողմից: Դրան զուգընթաց աստիճանաբար կարգավորվեց նաեւ համապատասխան օրենսդրական եւ նորմատիվային բազան: Ինչեւէ, այսօր կարող եմ փաստել, որ Հայաստանում գործող բանկերի կեսից ավելին աուդիտորական, խորհրդատվական ե այլ բնույթի ծառայություններ ստանում են «Գրանթ Թորնթոն Ամիո»-ից, ՀՀ Կենտրոնական բանկի 2007-ի ֆինանսական հաշվետվություններն անցկացված մրցույթի արդյունքում նույնպես պետք է աուդիտի ենթարկվեն մեր կազմակերպության կողմից: Ֆինանսական ոլորտի զարգացմանը համընթաց ֆինանսական շուկայում սկսեցին գործել նոր տնտեսվարող սուբյեկտներ, որոնց ֆինանսական հաշվետվությունների աուդիտը նույնպես պարտադիր պայման է: Մասնավորապես խոսքը վերաբերում է մեզանում գործող մոտ 20 վարկային կազմակերպություններին, որոնցից 7-ն այսօր մեր հաճախորդներն են: Զգալի աշխուժություն է նկատվում նաեւ ապահովագրական ծառայությունների ոլորտում: Այդ ոլորտն այսօր գտնվում է Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, եւ նրանց ֆինանսական հաշվետվությունները նույնպես բավականին խիստ միջազգային ստանդարտների պետք է համապատասխանեն: Այս առումով ես աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների ընդլայնման բավականին հեռանկարային ու բարձր տեմպերով զարգացող շուկա եմ կանխատեսում: Բազմազան են դառնում նաեւ բանկերին տրամադրվող խորհրդատվական ծառայությունները: Եթե նախկինում խորհրդատվությունները վերաբերում էին հիմնականում բանկերի ներքին վերահսկողությանը, մենեջմենտին, բանկի կառուցվածքին, աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացմանը, ապա այժմ մատուցվում են նաեւ նոր խորհրդատվական ծառայություններ, ինչպիսիք են, օրինակ, բանկերում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի կառավարման եւ խորհրդատվության ծառայությունները, արժեթղթերի հանրային տեղաբաշխմանը (IPO) վերաբերող խորհրդատվությունները, բանկերի կառուցվածքի օպտիմալացման, գործունեության կանոնակարգման, բիզնեսի գնահատման, ռիսկերի կառավարման, կորպորատիվ կառավարման վերաբերյալ խորհրդատվությունները եւ այլն: - Վերջին տարիներին ականատես եղանք մի գործընթացի, երբ մի շարք արտասահմանյան կազմակերպություններ գնեցին հայաստանյան գործող որոշ բանկերի բաժնեմասերը: Որքան գիտեմ՝ այդ գործարքներում խորհրդատվություններ եւ այլ ծառայություններ մատուցելու առումով որոշակի դերակատարություն է ունեցել նաեւ «Գրանթ Թորնթոն Ամիո»-ն: - Իրոք, արտասահմանյան ներդնողները, ժամանակի ընթացքում համոզվելով, որ հայաստանյան բանկային համակարգը կայուն զարգացում է ապրում եւ բանկային բիզնեսը բավականին շահութաբեր է, ձգտում են խոշոր ներդրումներ կատարել՝ այդ թվում նաեւ գործող բանկերի բաժնեմասերը գնելով: Արտասահմանյան ներդնողների հետ մեր համագործակցությունը սկսվում է Հայաստանի հետ նրանց ծանոթանալու պահից, որոշ դեպքերում ավելի շուտ, երբ նրանք կարիք են ունենում խորհրդատվական, իրավիճակի եւ բիզնեսի գնահատման, իրավաբանական ծառայությունների: Այդպիսի նախագծերը մեզ համար հիմա էլ եզակի չեն, եւ կարծում եմ՝ այս միտումը շարունակություն կունենա: - Ամեն դեպքում փաստ է, որ բանկային ոլորտը մեզանում գործող բանկերի քանակի տեսանկյունից բավականին սահմանափակ է: Այս առումով «Գրանթ Թորնթոն Ամիո»-ի համար հայաստանյան բանկային շուկան շատ փոքր չէ՞: - Նման խնդիր իսկապես կա: Այդ իսկ պատճառով ակտիվորեն աշխատում ենք նաեւ ԱՊՀ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Վրաստանում: Կարող եմ փաստել, որ մեր մասնագետները շատ պահանջված են, եւ այդ պահանջարկը նույնիսկ այսօր ավելի մեծ է, քան մենք կարող ենք առաջարկել: Եվ սա այն պարագայում, որ այսօր մեր ընկերությունում արդեն իսկ մոտ 120 բարձրակարգ մասնագետ է աշխատում: Բնականաբար, եղած պահանջարկի պայմաններում օրախնդիր է դարձել մեր աշխատակազմը որակյալ մասնագետներով համալրելու հարցը, ինչի ուղղությամբ այսօր ակտիվորեն աշխատում ենք: ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ Tweet Դիտում՝ 6815