ՀՀ կառավարությունն այսօր ոչ նպատակահարմար է համարել «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումները:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասել է, որ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին 3 տարիներին ազատել առեւտրական (առք ու վաճառքի), ինչպես նաեւ արտադրական գործունեությունից եկամուտների մասով շրջանառության հարկի վճարման պարտավորությունից:Նախարարը նշել է, որ միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումն անընդունելի է. դրույքաչափի նվազեցումը պետք է կատարվի ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրմամբ: «Անընդունելի է նաեւ շրջանառության հարկ վճարողներին շրջանառության հարկի վճարումից ազատելը` առանց ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրման: Սա անչափ կարեւոր է, քանի որ փաստաթղթավորման պարտադիր պահանջի բացակայությունը հանգեցնում է խոշոր բիզնեսի իրական շրջանառությունների քողարկմանը»,- ասել է Գագիկ Խաչատրյանը:Նա նաեւ տեղեկացրել է, որ վերջին շրջանում հանդիպումներ են կայացել խոշոր եւ միջին ձեռնարկատերերի հետ՝ օրենքում լրացումները քննարկելու նպատակով: Գագիկ Խաչատրյանը հորդորել է հասարակական կազմակերպությունների եւ հետաքրքրված ԱԺ պատգամավորներին նույնպես մասնակցել այդ քննարկումներին: Tweet Դիտում՝ 1576