Ֆիննախը 444 մլն դրամի խախտումներ է արձանագրել նախարարություններում

17.01.2014 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013թ. ընթացքում նախարարությունների եւ դրանց ենթակա կազմակերպությունների գծով ստուգումների արդյունքում արձանագրվել են շուրջ 444 մլն դրամի խախտումներ եւ անարդյունավետ ծախսեր:

Այս մասին, ամփոփելով նախորդ տարին, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:

«2013  թ-ին Ֆինանսների նախարարության կողմից իրականացված 85 ստուգումների եւ ուսումնասիրությունների հիման վրա Գլխավոր դատախազություն 6 գործ է ուղարկվել, որոնցից 5-ով հարուցվել են քրեական գործեր, մեղադրանքներ են ներկայացվել պատասխանատու պաշտոնյաների: Հիմնական շեշտը դրվել է առավել բարձր ռիսկային ոլորտներում ստուգումների եւ ուսումնասիրությունների իրականացման վրա, որի արդյունքում էապես բարձրացել է նախարարության կողմից բյուջեի կատարման նկատմամբ հսկողության գծով տարվող աշխատանքների արդյունավետությունը: Տեսչության կողմից իրականացված հսկողության ընթացքում արձանագրված գումարներից 2012-ին վերականգնված 1.1 մլրդ դրամի դիմաց 2013-ին վերականգնվել է 2.3 մլրդ դրամ»,- նշել է Ղարիբյանը:

Նախարարությունը խախտումներ է արձանագրել նաեւ Պետական եկամուտների կոմիտեի գործունեությունում:

Տեսչության պետի ներկայացրած տվյալների համաձայն, ծառայությանը 2013թ. հունվար-հունիս ամիսներին ՊԵԿ-ի կողմից «Հղիության եւ ծննդաբերության նպաստ» եւ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» ծրագրերով փոխհատուցման ենթակա գումարները 584.7 մլն դրամով ավելի են ներկայացվել, ինչի կապակցությամբ նախարարությունը Գլխավոր դատախազություն է ուղարկել 338 թերթից բաղկացած ուսումնասիրություն:  

Անդրադառնալով մարզային ստուգումներին՝ նախարարությունն արձանագրել է 140 մլն դրամի խախտումներ, իսկ Արարատի մարզպետարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա քրեական գործ է հարուցվել:  

«4 մարզերում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված փաստերի հիման վրա այս պահի դրությամբ վերականգնվել է 200 մլն դրամ, որից 100 մլն դրամը` Արարատի, իսկ 70 մլն դրամը` Գեղարքունիքի գծով»,- պարզաբանել է Ղարիբյանը, հավելելով, որ հարկային տեսչություններում հարկ վճարողների գծով ուսումնասիրությունների արդյունքում ավելի քան 600 մլն դրամի , իսկ մարզպետարաններում` 94.2 մլն դրամի  լրացուցիչ հարկային պարտավորությունների գանձման խնդիր է առաջացել:  

Դիտում՝ 2226
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW