ԿԲ. Գնաճային ռիսկեր կան՝ կապված գազի հնարավոր թանկացման հետ
13.02.2013 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


ԿԲ խորհուրդը երեկ երեկոյան նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%:
2013 թ. հունվարին արձանագրվել է 2.9% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 2.6%՝ գտնվելով 4.0% ±1.5 տոկոսային կետ նպատակային միջակայքի ստորին սահմանին մոտ: ՀՀ ԿԲ գնահատումների համաձայն, առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճը կավելանա՝ կանխատեսող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ, հայտնել են ԿԲ-ում:
Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածում զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ պահպանվող անորոշությունների պարագայում կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնում: Նման պայմաններում ձեւավորվող ցածր արտաքին պահանջարկի ազդեցությամբ հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գները կդրսեւորեն համեմատաբար կայուն վարքագիծ՝ պահպանվելով առկա բարձր մակարդակներում:
Խորհուրդը գնահատել է, որ 2012 թ-ին տնտեսական ներուժի եւ գյուղատնտեսության թողարկման ծավալների ավելացման պարագայում ցածր գնաճային միջավայրում դրսեւորվել է իրական սպառման հավելուրդային աճ, որը կանխատեսվող հորիզոնում աստիճանաբար կկայունանա հավասարակշիռ մակարդակի շուրջ: Այս պայմաններում ակնկալվում է տնտեսական աճի որոշ չափով դանդաղում:
Մասնավոր պահանջարկի սպասվող թուլացման եւ գնահատվող հարկաբյուջետային թույլ զսպող քաղաքականության ազդեցության արդյունքում ՀՀ տնտեսությունից ներքին գների վրա ակնկալվում է ոչ գնաճային ազդեցություն:
Խորհուրդն ամփոփել է, որ համաշխարհային եւ ներքին տնտեսությունների վերոնշյալ զարգացումների պարագայում 12-ամսյա գնաճի 4.0% նպատակային թիրախին կանխատեսվող հորիզոնում կարելի է հասնել քաղաքականության գործիքի ներկայիս տոկոսադրույքով:
Ընդ որում, կարճաժամկետ հատվածում առկա են գնանկումային ռիսկեր՝ կապված համաշխարհային տնտեսության վատատեսական հեռանկարների, եւ գնաճային ռիսկեր՝ կապված գազի սակագների հնարավոր թանկացման հետ, որոնց ընդհանուր ազդեցության մեջ գերակայում են գնաճային ռիսկերը: Այս ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ խորհուրդը չի բացառում տոկոսադրույքի հետագա ճշգրտման հնարավորությունը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: