ՊրոԿրեդիտ Բանկը նշում է Հայաստանում իր գործունեության 5-ամյակը:Այս 5 տարիների ընթացքում Բանկը բացել է 15 մասնաճյուղ՝ Երեւանում եւ մարզերում գտնվող 4 քաղաքներում, ինչպես նաեւ ներգրավել 17,000 հաճախորդ, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: 2012թ. վերջի դրությամբ Բանկի վարկային պորտֆելը կազմում է ավելի քան $82մլն դոլար, իսկ ընդհանուր ավանդների ծավալը՝ մոտ $38 մլն, հայտնել են բանկում: 2009-ից սկսած բանկը ֆինանսավորել է մոտ 1800 գյուղացիական տնտեսություն եւ կազմակերպել մի շարք ֆինանսական կրթության դասընթացներ՝ իր ագրո-հաճախորդների համար: Բանկը ուշադրություն է դարձնում նաեւ իր անձնակազմի վերապատրաստմանն ու զարգացմանը եւ զգալի ներդրումներ կատարում այդ նպատակով. Գերմանիայում, Մակեդոնիայում, ինչպես նաեւ այն երկրներում, որտեղ գործում է ՊրոԿրեդիտ Բանկը, մշտապես անցկացվում են գիտաժողովներ, սեմինարներ, վերապատրաստման եւ փորձի փոխանակման դասընթացներ: Ներկա պահին բանկն ունի ավելի քան 350 աշխատակից: «Մենք հուսով ենք, որ կարողացել ենք երկարաժամկետ համագործակցություն հաստատել մեր հաճախորդների հետ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա: Դա է վկայում այն փաստը, որ մենք կարողացել ենք առաջատար դիրք գրավել փոքր բիզնեսի ֆինանսավորման ոլորտում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հաճախորդներին, գործընկերներին եւ ընկերներին մեր ծառայություններից օգտվելու եւ մեզ հետ համագործակցելու համար: Ապագայում մենք կշարունակենք շարժվել մեր դինամիկ աճի ուղղությամբ եւ նպաստել Հայաստանում տնտեսական կլիմայի բարելավմանը», - բանկի տարեդարձի կապակցությամբ ասել է գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեն: Tweet Դիտում՝ 5793