Երեւան/Մեդիամաքս/. «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) թրեյնինգային եւ խորհրդատվական ընկերությունը ու «Պարադիգմա Արմենիա» հաշվապահական եւ խորհրդատվական ընկերությունը կազմակերպում են համատեղ սեմինար, որի ընթացքում կքննարկվեն.- 2013թ. հունվարի 1-ից գործարկվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը;- 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում կիրառվելիք կենսաթոշակային նոր համակարգը եւ վերջինիս հետ կապված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթները; - 2013թ. հունվարի 1-ից գործարկվող «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքը: «Պարադիգմա Արմենիա» ընկերության հիմնադիր, փորձագետ Ահարոն Չիլինգարյանը Մեդիամաքս-ին ասել է, որ սեմինարի հիմնական նպատակն է ներկայացնել Հայաստանում զուգահեռ իրականցվող օրենսդրական բարեփոխումների էությունը: «Նախ, խոսքը վերաբերում է անձնավորված հաշվառման համակարգի ներդրմանը՝ եկամտահարկի եւ սոցիալական ապահովության պարտադիր վճարների միացմանը մեկ հարկատեսակի ներքո, ինչը սկսած 2013 թ-ից էականորեն կթեթեւացնի գործատուների կողմից ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությանը ներկայացվող հաշվետվական բեռը: Նույն այդ անձնավորված հաշվառման համակարգը եւս մեկ այլ առաքելություն ունի, որ սկսելու է իրականացվել 2014 թվականից: Այս պարագայում խոսքը վերաբերում է պարտադիր անհատական կուտակային կենսաթոշակային վճարների հաշվարկմանը եւ գանձմանը»,- ընդգծել է Ահարոն Չիլինգարյանը: Իր հերթին BSC-ի հիմնադիր-տնօրեն Սամվել Գևորգյանը Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ինչպես բոլոր այլ օրենքների դեպքում, այս օրենքների ճիշտ ընկալումը եւ կիրառումը կարեւոր նշանակություն ունի, քանի որ եկամտային հարկը ուղղակիորեն կապված է կուտակային կենսաթոշակների համակարգի հետ:Նոյեմբերին 14-15 կայանալիք երկօրյա սեմինարը նախատեսված է բոլոր մասնավոր ձեռնարկությունների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների գործող հաշվապահների, ֆինանսների գծով մասնագետների, իրավաբանների, ինչպես նաեւ պարզապես քննարկվող թեմայով հետաքրքրված անհատների համար:Սեմինարը վարելու է «Պարադիգմա Արմենիա» ընկերության հիմնադիր, փորձագետ Ահարոն Չիլինգարյանը: Tweet Դիտում՝ 4388