Երեւան/Մեդիամաքս/. «Կոնվերս Բանկը» բանկային ծառայություններ կմատուցի ֆիզիկական անձանց «Հայփոստի» փոստային բաժանմունքներում: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Հայփոստի» մամուլի ծառայությունում, բանկի եւ փոստային օպերատորի միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն, փոստային բաժանմունքներում կառաջարկվեն ավանդային հաշիվների բացման, տարադրամի փոխանակման, կանխիկ գործարքների, դրամական փոխանցումների, ինչպես նաեւ ArCa, Visa եւ MasterCard դեբետային պլաստիկ քարտերի տրամադրման ու սպասարկման ծառայություններ: Բանկային ծառայություններն արդեն մատուցվում են «Հայփոստի» 19-րդ երեւանյան բաժանմունքում` Մարշալ Բաղրամյան 23 հասցեով: 5 տարվա ընթացքում ունիվերսալ փոստային-բանկային բաժանմունքների թիվը նախատեսվում է հասցնել 250-ի: «Հայփոստ» ԲԲԸ հավատարմագրային կառավարումը 2008թ. հուլիսին փոխանցվել էր «Ernekian Group» ընկերությանը, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Վերջինիս պատկանող «Advanced Global Investments» ընկերությանն է պատկանում նաեւ «Կոնվերս Բանկի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթը: Tweet Դիտում՝ 14618