«Հայէկոնոմբանկը» 163,3 մլն դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

25.06.2010 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2009թ. ֆինանսական տարվա արդյունքներով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց կվճարի 175 դրամի, կամ դրանց անվանական արժեքի 7%-ի չափով շահութաբաժիններ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում «Հայէկոնոմբանկի» բաժնետերերի ընդհանուր ժողովում բանկի գլխավոր հաշվապահ Վարդան Բաբայանը տեղեկացրել է, որ շահութաբաժինների վճարմանը բանկը կուղղի 163,3 մլն դրամ, վճարումը կսկսվի հուլիսի 25-ից:

«Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ Անահիտ Սիմոնյանը նշել է, որ բանկի բաժնետոմսերը բանկային միակ բաժնետոմսերն են, որոնք ցուցակված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի «B» հարթակում, եւ դրանց հաշվեկշռային ու շուկայական արժեքը (համապատասխանաբար, 9320 եւ 7330 դրամ) 2009թ. արդյունքներով գերազանցել է անվանական արժեքը (2500 դրամ), համապատասխանաբար, 3,7 ու 3 անգամ:

Բանկը շահութաբաժիններ է վճարում 7-րդ տարին անընդմեջ: Նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով մեկ բաժնետոմսին հաշվով շահութաբաժնի չափը կազմել էր 250 դրամ:

Ներկայացնելով բանկի 2009թ. գործունեության արդյունքները` «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահի եւ գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Մկրտչյանն ասել է, որ չնայած ճգնաժամին, բանկը կարողացել է հաթահարել դժվարությունները եւ արձանագրել հիմնական ցուցանիշների աճ:

«Բանկի ակտիվները հաշվետու տարում ավելացել են 4,6%-ով` կազմելով 52,2 մլրդ դրամ, պարտավորությունները` 5,4%` կազմելով 43,5 մլրդ դրամ: Բանկի կողմից տրամադրված վարկերն ու այլ փոխտվություններն ավելացել են 8,1%-ով` կազմելով 29,2 մլրդ դրամ: Հաճախորդների նկատմամբ բանկի պարտավորություններն աճել են 16,9%-ով` կազմելով 24,4 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները բանկում արձանագրել են 22,5% աճ եւ կազմել են 6,1 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը 2009թ. ավելացել է 0,7%-ով` հասնելով 8,7 մլրդ դրամի»,- ասել է Հայկ Մկրտչյանը:

Դիտում՝ 13447
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW