Երեւան/Մեդիամաքս/. «Արդշինինվեստբանկի» «Գորիս» մասնաճյուղի կառավարիչ Հ. Բախշյանը 2006-2009թթ. 95 ֆիզիկական եւ 5 իրավաբանական անձանց անուններով ձեւակերպել է կեղծ վարկեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 918 789 604 դրամ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է «Արդշինինվեստբանկի» «Գորիս» մասնաճյուղի կառավարչի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վարկերը ձեւակերպվել, ելքագրվել եւ յուրացվել «Արդշինինվեստբանկի» «Գորիս» մասնաճյուղի կառավարչի կողմից փաստացի ղեկավարվող ընկերությունների գործունեության եւ անձնական կարիքների համար, իսկ մի մասն ուղղվել է կեղծ վարկերը եւ դրանց տոկոսները մարելուն: Արդյունքում` «Արդշինինվեստբանկին» պատճառվել է 693 808 812 դրամ գումարի գույքային վնաս: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա «Արդշինինվեստբանկի» «Գորիս» մասնաճյուղի 7 աշխատակցի, նրանց թվում մասնաճյուղի կառավարչին, գլխավոր հաշվապահին եւ գանձապահին, հաշվապահության եւ վարկային բաժնի աշխատակիցներին առաջադրվել է մեղադրանք: Քրեական գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Tweet Դիտում՝ 15018