Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը շարունակում են իրենց համագործակցությունն ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով

11.12.2025 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ,ՎԶԵԲ
Ինեկոբանկն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ, EBRD) շարունակում են իրենց համագործակցությունն ավելի մասշտաբային ծրագրով, որի արդյունքում հայկական բիզնեսները կստանան ֆինանսավորման ընդլայնված հնարավորություններ։ 

ՎԶԵԲ-ը տրամադրում է Ինեկոբանկին 97 միլիոն եվրոյի ֆինանսական փաթեթ, որն ուղղվելու է տեղական տնտեսվարողների զարգացմանը եւ ներառականության խթանմանը։

Ֆինանսավորման շրջանակում հատուկ ուշադրություն կհատկացվի այն բիզնեսներին, որոնք ստեղծում են աշխատատեղեր տեղահանված հայերի համար։ Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ։

90 միլիոն եվրո` վարկային միջոցներ բիզնեսի զարգացման համար 

Ֆինանսական փաթեթի հիմնական մասը՝ 90 միլիոն եվրոն, վարկային միջոցներ են, որոնք Ինեկոբանկը տրամադրելու է մասնավոր հատվածի հաճախորդներին։ Այս ֆինանսավորումը կնպաստի միկրո, փոքր եւ միջին բիզնեսների ընդլայնմանը, ներդրումների աճին եւ կօգնի ընկերություններին բարձրացնել մրցունակությունն ու դիմադրողականությունը։ Վարկային միջոցների առնվազն 20 տոկոսը ուղղվելու է էներգախնայող, վերականգնվող էներգիայի եւ կլիմայական կայունության նախագծերին։ 

Լրացուցիչ 7 միլիոն եվրո` EU4Business EBRD Credit Line 

Լրացուցիչ 7 միլիոն եվրոն Ինեկոբանկին կտրամադրվի EU4Business EBRD Credit Line ծրագրի շրջանակում։ Այս միջոցները նախատեսված են հատուկ այն ընկերությունների համար, որոնք ներգրավում եւ ապահովում են աշխատատեղեր տեղահանված անձանց համար՝ նպաստելով նրանց սոցիալ-տնտեսական ներառմանը։ Այս փաթեթը նաեւ հնարավորություն կտա բիզնեսներին ներդնել նոր տեխնոլոգիաներ, բարձրացնել ծառայությունների որակը եւ համապատասխանել ԵՄ չափանիշներին։ Միջոցների առնվազն 70 տոկոսը նախատեսվում է ուղղել կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը, ինչը կնպաստի մրցունակության եւ ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը։  

Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանն ընդգծել է Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի հետ արդյունավետ եւ շարունակական համագործակցության կարեւորությունը, որի շրջանակում իրականացվում է այս լայնածավալ ֆինանսավորումը․ 

«Ինեկոբանկն իր գործունեության ընթացքում մշտապես կարեւորել է փոքր եւ միջին բիզնեսների զարգացմանը խթանող նախաձեռնությունները։ Այսօր արդեն խոշոր դարձած բազմաթիվ ընկերություններ իրենց առաջին քայլերն արել են հենց մեզ հետ։ ՎԶԵԲ-ի եւ ԵՄ-ի հետ հաստատված համագործակցությունը հնարավորություն է ստեղծում շարունակաբար ընդլայնել բիզնեսների երկարաժամկետ ֆինանսավորումը եւ ամրապնդել մեր մասնակցությունը երկրի մրցունակության բարձրացմանը եւ տնտեսական զարգացմանը։  Ֆինանսական այս ծրագիրը կնպաստի, որպեսզի  բիզնեսներն առաջնորդվեն ներառականության սկզբունքով եւ ներդրումներն ուղղվեն  երկրի տնտեսության համար կարեւոր ոլորտներ»։ 

Ինեկոբանկի գործադիր տնօրենի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Չիչյանն իր խոսքում ընդգծել է․ 

«Հավատարիմ մնալով իր երկարաժամկետ տեսլականին՝ Ինեկոբանկը հետեւողականորեն աջակցում է նախաձեռնություններին, որոնք խթանում են բիզնեսի կայուն զարգացումը։ ՎԶԵԲ-ի հետ այս համագործակցությունը հերթական կարեւոր փուլն է  մեր գործընկերային հարաբերություններում, որը հնարավորություն է տալիս աջակցել ավելի լայն շրջանակի փոքր եւ միջին ձեռնարկությունների հասնել իրենց բիզնես նպատակներին կայուն զարգացման ճանապարհով »։ 
Անդրադառնալով այս նախաձեռնությանը՝ ՎԶԵԲ հայաստանյան ղեկավար Ջորջ Ախալկացին նշել է․

«Մեր համագործակցությունն Ինեկոբանկի եւ ԵՄ-ի հետ  շարունակաբար բացում է նոր հնարավորություններ հայկական ընկերությունների համար, աջակցելով դրանց աճին, նորացմանը եւ երկարաժամկետ կայունությանը։ Փախստականներին ուղղված հատուկ ծրագրերը հավելյալ արժեք են հաղորդում նախաձեռնությանը, քանի որ աջակցում են ինչպես տեղահանված անձանց, այնպես էլ նրանց աշխատատեղերով ապահովող բիզնեսներին»։
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ասել է․

 «Ինեկոբանկին տրամադրված այս կարեւոր ֆինանսական աջակցությամբ Եվրոպական միությունը շարունակու­մ է խթանել ներառական եւ կայուն տնտեսության զարգացումը Հայաստանում։ Մեր այս համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ հասանելի է դարձնում  անհրաժեշտ ֆինանսավորումը հայկական ՄՓՄՁ-ներին  եւ միաժամանակ ամրապնդում մեր հանձնառությունը կանաչ եւ էներգաարդյունավետ լուծումների ներդրման ուղղությամբ»։ 

Ծրագրից օգտվող ընկերությունները հնարավորություն կունենան ստանալ ներդրումային դրամաշնորհներ, որոնք կարող են կազմել վարկի մինչեւ 35 տոկոսը։ Վարկավորումն իրականացվելու է հայկական դրամով, ինչը ձեռնարկություններին թույլ կտա իրականացնել ներդրումներ` փոխարժեքային տատանումներից անկախ։

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է մանրածախ ու կորպորատիվ բանկային ծառայություններ` ուղղված յուրաքանչյուր անհատի եւ բիզնեսի ֆինանսական կարիքներին: Բանկը նաեւ ՎԶԵԲ-ի վստահելի եւ երկարամյա գործընկերն է մի շարք ռազմավարական նախաձեռնություններում՝ այդ թվում կանաչ ֆինանսավորման եւ մասնավոր հատվածի կայուն ու նորարարական զարգացումը խթանելու ուղղությամբ։ 

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 1992 թվականից ի վեր Հայաստանում իրականացրել է ավելի քան 2,7 միլիարդ եվրոյի ներդրումներ 235-ից ավել նախագծերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում՝ կարեւորելով մասնավոր հատվածի զարգացումը։
Դիտում՝ 390
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW