Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ Հայաստանը չի կարող «երկու աթոռի վրա նստել եւ պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Եվրամիության (ԵՄ) միջեւ»:Մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը։«Ես ծանոթացա ընդունված օրենքի տեքստին։ Դրանում բացառապես ընդհանրական բառեր են կամ`«ամեն լավ բանի համար, ամեն վատ բանի դեմ»: Սա Հայաստանի ներքաղաքական հարցն է: Մենք հասկանում ենք, որ եւ՛ ԵԱՏՄ-ն, եւ՛ ԵՄ-ն ունեն նմանատիպ օրակարգեր։ Հետեւաբար, Հայաստանը պետք է կատարի ընտրություն, որովհետեւ բացարձակապես անհնար է միաժամանակ երկու աթոռի վրա նստել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Ալեքսեյ Օվերչուկը:Նրա խոսքով՝ իրենք տեսնում են, որ Հայաստանը «շարունակում է ակտիվ աշխատել ԵԱՏՄ-ում եւ իր դրական ներդրումն ունենալ եվրասիական ինտեգրման գործում»:«Մենք ուշադիր հետեւում ենք այդ գործընթացներին: Հասկանում ենք, որ եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, ապա, համապատասխանաբար, անհրաժեշտ կլինի վերանայել երկրի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը: Ցավոք, դա կարտացոլվի Հայաստանում մարդկանց կենսամակարդակի վրա, ինչը, իհարկե, մենք այնքան էլ չէինք ցանկանա»,- եզրափակել է Ռուսաստանի փոխվարչապետը: Tweet Դիտում՝ 8169