Կառավարությունը 6 ամսով հետաձգել է շրջանառության հարկի բարձրացումը
27.02.2025 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ gov.am

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ հարցն այն օրինակներից մեկն է, որ որոշակի փոփոխություններ են իրականացվում մասնավոր հատվածի գործընկերների հետ շփումների արդյունքում:
«Շատ կարեւոր է, որ շրջանառության հարկ վճարողները, օգտագործելով կառավարության աջակցության այս անցումային ժամանակահատվածը, իրենց ձեռնարկատիրական գործունեության մոդելը վերանայեն այնպես, որ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռքբերումները եւ այլ ծախսերը կատարեն առավելապես փաստաթղթավորմամբ, որի պարագայում ոչ միայն հարկային բեռի բարձրացում չի լինի, այլ նաեւ կարող է լինել հարկային բեռի նվազեցում», -ասել է նախարարը:
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ծրագրից օգտվելու նախապայմանները.
«Հարկ վճարողին աջակցությունը տրամադրվում է, եթե միաժամանակ բավարարված են հետեւյալ պայմանները՝ 2024 թվականին իրականացրել է առեւտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ եւ աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում հանդիսացել է բացառապես շրջանառության հարկ վճարող, դիմումի ներկայացման օրվա նախորդ օրվա դրությամբ ամբողջությամբ կատարվել են վճարման ենթակա շրջանառության հարկի պարտավորությունները:
Եռամսյակի արդյունքներով առեւտրական գործունեությունից շրջանառության հարկի գումարը գերազանցում է այդ գործունեության մասով ձեւավորվող իրացման շրջանառության 5%-ը կամ հարկ վճարողի մոտ առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով շրջանառության հարկի գումարի չնվազեցված եւ փոխանցված գումար: Հարկային մարմին են ներկայացրել առեւտրական գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկատվություն: Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվելու է 2025 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակների համար»:
Վահե Հովհաննիսյանը նշել է, որ եռամսյակի արդյունքներով հաշվարկված շրջանառության հարկի գումարի եւ նույն ժամանակաշրջանում այլ գործունեության մասով իրացման շրջանառության 5%-ը կազմող գումարի դրական տարբերության չափով, եռամսյակի արդյունքներով հաշվարկված շրջանառության հարկի գումարի եւ նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով ձեւավորվող իրացման շրջանառության մեկուկես տոկոս կազմող գումարի դրական տարբերության չափով, եթե առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարի չնվազեցված եւ փոխանցված գումար:
«Ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմին՝ compensation@taxservice.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնի նախագծով սահմանվող ձեւին համապատասխան դիմում: Դիմումը 2025 թվականի առաջին եռամսյակի համար կարող է ներկայացվել մինչեւ 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ»,- ասել է նա:
2025 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել են առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5%-ից դարձել է 10%), ինչպես նաեւ այդ գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի սահմանաչափը (4%-ից դարձել է 9.5%):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: