«Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Ֆասթ Բանկի աջակցությամբ հունիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» եւ Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը։ «Շերբուրգյան հովանոցներ» բալետը Միշել Լեգրանի արդեն սիրված երաժշտության ժամանակակից մեկնաբանությունն է՝ սյուժեի, պարի եւ բեմական հագուստի յուրահատուկ ձեւավորմամբ: Դեռեւս 2017 թվականին բեմադրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացումը ստեղծվել է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 12 երգի հիման վրա: «Բալետի հայաստանյան առաջնախաղին ներկա է եղել նաեւ ինքը՝ լեգենդը։ «Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի եւ զգացմունքների այլաբանական արտապատկերումն է: Խորհրդանշական է, որ բալետը վերականգնվում է Ազնավուրի հոբելյանական տարում եւ լավագույնս կհամալրի նրա ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Բալետային ներկայացումները բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված բալետավար Ռուդոլֆ Խառատյանը:«Ֆասթ Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում եւ Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մաս է»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1925