Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոչ է արել ընդլայնել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արտահանման ներուժը կրթական եւ բժշկական ծառայությունների շուկաներում։«Մոտ ապագայում կրթական եւ բժշկական ծառայությունների շուկաները կդառնան գլոբալ եւ կմեծացնեն իրենց մասնաբաժինը համաշխարհային ծառայությունների առեւտրում։ Եվ մենք արդեն հիմա պետք է օգտագործենք եւ ընդլայնենք դրանց արտահանման ներուժը»,- ասել է նա՝ մայիսի 24-ին Մոսկվայում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։Ըստ Հայաստանի փոխվարչապետի, ում ելույթը մեջբերում է ՏԱՍՍ-ը, այսօր աշխարհում ներդրումները կրթության եւ գիտության ոլորտում ամենաեկամտաբերն ու արդարացվածն են։Մհեր Գրիգորյանը նշել է, որ ԵԱՏՄ երկրների ինտեգրման հիմնական իմաստը մարդկային կապիտալի զարգացումն է՝ որպես Եվրասիայի հիմնական ներուժ եւ ապագա։ Նրա գնահատմամբ՝ չնայած միության հսկայական գիտական ռեսուրսային ներուժին եւ միավորման անդամ երկրների քաղաքացիների կրթության բարձր մակարդակին, դեռեւս չի կարելի պնդել, որ համաշխարհային տեխնոլոգիական եւ տեխնիկական գործընթացում առաջատարը ԵԱՏՄ երկրներն են։«Արմատապես փոփոխվող աշխարհը եւ զարգացման բարձր տեմպերը պահանջում են նորարարական գաղափարների շարունակական հոսք եւ ժամանակակից ստեղծագործ մոտեցում՝ գլոբալ խնդիրներն արդյունավետ լուծելու համար»,- ընդգծել է Մհեր Գրիգորյան։ Tweet Դիտում՝ 6346