«Լույս». Եվրոպայի կախվածությունը ՌԴ գազից եւ այլընտրանքային լուծումները

22.12.2022 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լույս հիմնադրամ #ՌԴ #ԵՄ #ԱՄՆ #գազ
«Լույս» հիմնադրամն ուսումնասիրել է Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից եւ դիտարկել հնարավոր այլընտրանքային լուծումները։

Այսպես՝

●    2021-ին Ռուսաստանը դեպի Եվրոպա միայն խողովակաշարերով արտահանել է 167 մլրդ մ³ գազ (որից ԵՄ երկրներ՝ 132.3 մլրդ մ³-ը), իսկ ՀԲԳ տեսքով արտահանել է 17.4 մլրդ մ³ գազ (որից միայն ԵՄ երկրներ՝ 14.3 մլրդ մ³-ը)։ 2021-ին ՌԴ մասնաբաժինը դեպի Եվրոպա բնական գազի մատակարարման մեջ կազմել է 38․5%, իսկ միայն ոչ եվրոպական աղբյուրների շրջանում՝ շուրջ 54%։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից ներմուծված գազը կազմել է ԵՄ սպառման շուրջ 40%-ը, ԵՄ նավթի ներմուծման մոտ 25%-ը եւ ածխի ներմուծման 20%-ը նույնպես բաժին է հասնում Ռուսաստանին։

●    Հիմնականում ռուսական գազը դեպի Եվրոպա եւ Թուրքիա է ուղղվում խողովակաշարերի միջոցով, որոնց տարեկան ընդհանուր հզորությունը կազմում է գրեթե 300 մլրդ մ³։

●    Պատմականորեն ռուսական գազի զգալի մասը դեպի Եվրոպա մատակարարվում էր Ուկրաինայի տարածքով․ 1998-ին Գազպրոմը ավելի քան 140 մլրդ մ³ գազի շուրջ 70%-ը ԵՄ-ին մատակարարել է ուկրաինական տարանցման ճանապարհներով։ Սակայն ներկայում, օրինակ, 2021-ին, Ուկրաինայի տարածքով դեպի ԵՄ տեղափոխված գազի ծավալը չի գերազանցել 42 մլրդ մ³-ը։

●    Գերմանիան՝ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը, բնական գազի սպառման շուրջ 50%-ն ապահովում է ռուսական գազի հաշվին։ Միաժամանակ, Գերմանիայի վերջնական էներգիայի 25%-ը ստացվում է գազից։

●    2022-ի առաջին 9 ամսում ԵՄ-ն ՌԴ-ից ներմուծել է 70,7 մլրդ մ³ գազ՝ նախորդ տարվա 117 մլրդ-ի փոխարեն։ Ընդհանուր առմամբ, ՌԴ-ից ԵՄ գազի ներմուծումը 9 ամսում կրճատվել է 40%-ով (46.3 մլրդ մ³-ով)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում, խողովակաշարերով ռուսական գազի ներմուծումը 9 ամսվա տվյալներով գրեթե կրկնակի կրճատվել է, իսկ ահա ՀԲԳ տեսքով ներմուծումներն աճել են 46%-ով՝ կազմելով 16,5 մլրդ մ³։

●    Ըստ եվրոպական հանձնաժողովի ներկայացրած տվյալների՝ միայն 2022թ․ առաջին կիսամյակի ընթացքում գազի արտաեվրոպական ներմուծումների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ € 150 մլրդ։ Սա գրեթե համարժեք է 2021թ․ ողջ տարվա ցուցանիշին, ինչպես նաեւ մի քանի անգամ գերազանցում է 2020թ․ ցուցանիշը։

●    2022թ․ առաջին կիսամյակի տվյալներով ԵՄ կախվածությունը ռուսական ներմուծումից շարունակում է մնալ էական՝ ավելի քան 30%։ Իհարկե, հաշվի առնելով Հյուսիսային հոսքի փակումը՝ երկրորդ կիսամյակում այդ կախվածությունը առավել կկրճատվի, բայց ձմռանը պահանջարկի ավելացման արդյունքում ամեն ինչ կարող է վերադառնալ «ի շրջանս յուր»։

●    ՌԴ 2022թ․ բյուջեում ռուսական նավթի բազային գինը սահմանված է $44.2/բարել, իսկ բնական գազի արտահանման գինը՝ $250 հազար մ³-ի դիմաց։ Ստացվում է, որ եթե նույնիսկ ռուսական գազի ներմուծումը ԵՄ 2022թ․ 9 ամսում կրճատվել է 40%-ով, ապա հաշվի առնելով, որ գազի միջին գինը կանխատեսվածից մոտ 400%-ով ավելի է, ակնհայտ է, որ ՌԴ եկամուտները միայն ավելացել են։ Նույնը կարելի է ասել նաեւ նավթի մասին։

●    Տնտեսական բեռի տեսանկյունից ռուսական էներգակիրների նկատմամբ ԵՄ պատժամիջոցները ավելի թանկ են նստել ԵՄ-ի վրա՝ վերջինիս ծախսերը շեշտակիորեն ավելացնելով, քան ՌԴ-ի վրա, որի եկամուտները շարունակել են աճել։

●    ԵՄ-ը որպես ռուսական գազի հիմնական այլընտրանքներից մեկը դիտարկում է նորվեգական ներմուծումների ավելացումը։ Սակայն Նորվեգիան չունի համապատասխան պաշարներ՝ ԵՄ-ին ավելի մեծ ծավալներով եւ երկարաժամկետ գազ մատակարարելու համար։ Նույնիսկ ներկայիս տեմպի պահպանման դեպքում վերջինիս պաշարները կսպառվեն առաջիկա տասնամյակի ընթացքում, իսկ արդյունահանման ավելացումը ավելի կարագացնի այդ գործընթացը։

●    2022թ․ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ եռամսյակի տվյալներով ԵՄ գազի ներմուծման 34%-ը ապահովվել է ՀԲԳ հաշվին, որն առաջին անգամ գերազանցել է ռուսական ներմուծումների ծավալը։ 2022թ առաջին եռամսյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀԲԳ ներմուծման ծավալն ավելացել է 72%-ով՝ կազմելով 29.8 մլրդ մ³, իսկ 2-րդ եռամսյակում՝ 49%-ով՝ 35.6 մլրդ մ³։ Միայն 2-րդ եռամսյակում ԵՄ-ն ներմուծված 35.6 մլրդ մ³ հեղուկ բնական գազի համար վճարել է 31,4 մլրդ եվրո։

Ընդհանուր առմամբ, 2022թ․ առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ-ն ԱՄՆ-ից ներմուծել է 39 մլրդ մ³ գազ, ինչը 117%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ինչպես նաեւ արդեն իսկ 70%-ով գերազանցում է 2021թ․ ողջ տարվա ցուցանիշը։ Հատկանշական է, որ դեպի ԵՄ ՀԲԳ ներմուծողներից միայն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի պարագայում են մատակարարումները շեշտակի ավելացել։

«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում եւ ադրբեջանական գազի գործոնը» վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետեւյալ հղումով։
Դիտում՝ 1409
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW