ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր հայտնել է, որ hամավարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է ունեցել հարկային եկամուտների վրա:«Հարկային եկամուտները նախորդ տարվա նկատմամբ նվազել են շուրջ 5,4%-ով, սակայն վերանայված ծրագրով ցուցանիշն ապահովվել է։ Հարկային եկամուտների նվազումը պայմանավորվել է նաեւ հաշվելու տարվա երկրորդ եռամսյակում իրականացված շահութահարկի գծով հիմնարար փոփոխություններով»,- Ազգային ժողովում 2020թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասել է ԿԲ նախագահը:Մարտին Գալստյանը նշել է, որ 2020թ.-ին պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 16,3%-ով:«2020թ.-ին հակաճգնաժամային միջոցառումների ֆինանսավորումը կառավարության կողմից իրականացվել է պետական պարտքի կանխատեսվածից զգալի ավելի ծավալների ներգրավմամբ։Իրականացված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում պետական բյուջեի պակասուրդն աճել է՝ հասնելով ՀՆԱ-ի 5,4%-ի, իսկ կառավարության պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ էապես՝ մոտ 13,5%-ով ավելացել է եւ կազմել 63,5%՝ հատելով հարկաբյուջետային կանոններով սահմանված 60% շեմային ցուցանիշը»,- հայտնել է ԿԲ նախագահը:Մարտին Գալստյանը նշել է, որ, այնուամենայնիվ, 2020թ.-ի հարկաբյուջետային եւ դրամավարկային ընդլայնող քաղաքականությունների արդյունավետ համադրման շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունությունը, «ինչը չափազանց կարեւոր ձեռքբերում է»: Tweet Դիտում՝ 1583