Փաշինյան. Մեր խնդիրն է խթանել բիզնեսը՝ «հարստացեք եւ հարստացրեք» բանաձեւով

22.07.2020 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Արսեն Ղազարյան #բիզնես

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է՝ «պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում եւ այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, եւ մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից»:

Վարչապետն այս մասին նշել է կառավարությունում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամների անդամների հետ հանդիպմանը:

Նա հայտնել է, որ մայիսին եղել է կրճատված աշխատատեղերի մեծ մասի վերականգնում:

«Երեկ մենք ամփոփել ենք նաեւ հունիսի տվյալները եւ կարող եմ արձանագրել, որ այդ միտումը շարունակվում է, եւ չնայած կարիք ունենք վերլուծելու եւ հասկանալու մեր ձեռքի տակ եղած վիճակագրությունը, որը վկայում է, որ 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատությամբ ավելի շատ աշխատատեղեր ունենք, ընդ որում ավելի մեծ աշխատավարձային ֆոնդով, ավելի մեծ միջին աշխատավարձով: Այստեղ մենք, իհարկե, փորձում ենք վերլուծել, թե ինչի հետ է կապված սա:

Շատ հնարավոր է, որ սա ինչ-որ մասով կապված է ստվերի կրճատման մեր քաղաքականության հետ, բայց, այնուամենայնիվ, թվերը կան, ընդ որում սա ՊԵԿ-ի տվյալներն են եւ այս տվյալները հաստատված են, առկա են կոնկրետ հաշվետվություններով, այս բոլոր աշխատատեղերի համար վճարված է աշխատավարձ եւ ներկայացված է եկամտային հարկի հաշվետվություն»,- ներկայացրել է վարչապետը:

Նրա խոսքով՝ պետք է աշխատել ոչ միայն տնտեսական ճգնաժամն ուղղակի հաղթահարելու համար, այլեւ պետք է բոլորի առաջ խնդիր լինի որակապես նոր մակարդակի եւ նոր կարգի տնտեսություն ունենալ:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը կարեւորել է աշխատատեղերի պահպանման, փոքր բիզնեսին աջակցության նպատակով իրականացված ծրագրերը. «Դրանց արդյունքում է, որ տնտեսվարողներն այժմ փորձում են պահպանել արտադրական ծավալներն ու առաջ գնալ»:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է. «Մեր խնդիրն է խթանել բիզնեսին եկամուտների գեներացման գործում՝ «հարստացեք եւ հարստացրեք» բանաձեւի ներքո: Մեր բոլորի առաջնահերթությունը պետությունն է՝ իր անվտանգությամբ»:

Դիտում՝ 916
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW