Ա. Քարամյան. «Զեյթուն-3» համալիրի կառուցմանը ոչինչ չի սպառնում

18.03.2019 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Զեյթուն-3»
«ԵՊՀ Շրջանավարտների միություն» ՀԿ-ի կողմից իրականացվող բնակարանային համալիրի կառուցմանը ոչինչ չի սպառնում, շինաշխատանքներն ընթանում են ըստ հաստատված պլանի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ իրավապահ մարմինները ստուգում են «Զեյթուն-3» համալիրի հողհատկացման օրինականությունը։

«Նշված հողամասը 100 տոկոսով օգտագործվել է իր բուն նպատակային նշանակությանը համապատասխան, անկախ նրանից՝ այդպիսի պահանջ պետական մարմինն ամրագրել է պայմանագրում, թե ոչ։ Դրա վառ ապացույցն օրենքին համապատասխան կնքված պայմանագրերն են եւ շինարարության ակտիվ ընթացքը, որը հօդս է ցնդեցնում հողահատկացման հարցը քաղաքականացնելու եւ ծրագրի բնականոն ընթացքը խաթարելու ոմանց հիվանդագին ու երեւակայական փորձերը։ Կառուցվող բնակարաններն օտարվել են ծրագրի շահառուներին, եւ դրանց մեծ մասը բնակարանի գնման իրավունքը եւ հողամասի համապատասխան բաժնեմասի սեփականության իրավունքը 30 տարով, տարեկան 6,9% տոկոսադրույքով, բնակարանի արժեքի ընդհուպ մինչեւ 97% գումարի չափով վարկ ստանալու համար, օրենքով սահմանված կարգով գրավադրել է բանկում»,- նշել է Քարամյանը։
 
Նա հայտնել է, որ մարտի 15֊ին բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ հնարավորություն են ունեցել շրջայց կատարելու իրենց համար Ահարոնյան փողոցում կառուցվող «Զեյթուն-3» համալիրում։

«Մեր կազմակերպությունը բարեխիղճ գնորդ է եւ հողակտորը ձեռք է բերել կառավարության համապատասխան որոշման հիման վրա։ Ինչպիսի՞ն են այդ որոշման հիմքերը։ Կներե՛ք, բայց հարցադրման հասցեատերը մեր կազմակերպությունը չէ։ Կառավարության որոշումները կոլեգիալ քննարկման արդյունք են, եւ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ անցնում են իրավական փորձաքննության մի քանի մակարդակ եւ միջգերատեսչական համաձայնեցումների մի քանի փուլ։

Մենք հաստատակամ ենք եւ հաջողությամբ շարունակելու ենք մեր աշխատանքները ու նույն հաջողությամբ մեր բոլոր ծրագրերը հասցնելու ենք տրամաբանական ավարտին»,- նշել է Արսեն Քարամյանը։

Հիշեցնենք, որ «ԵՊՀ Շրջանավարտների միության» կողմից իրականացվող սոցիալական բնակարաշինական ծրագիրը սկիզբ է առել 2007թ․ փետրվարին։ Մինչ օրս բնակարան է ստացել արդեն 2490 ընտանիք։

«Սոցիալական առաջնային շեշտադրումից զատ, իրականացվող ծրագրերն ունեն նաեւ հստակ չափելի տնտեսական ու գործարար նշանակություն. դրանք մուլտիպլիկատիվ էֆեկտով ստեղծվող աշխատատեղերն են, վճարված ուղղակի ու անուղղակի հարկերը, ապրանքաշրջանառության խթանման գործնական ազդակները, կարճ ասած՝ այս տարիների ընթացքում մենք ստեղծել ենք օգտակար ավելացող արժեք։ Իսկ պետական գույքն ինքնանպատակ չէ, եւ այն այս կամ այն կերպ ծառայեցվում է հանրությանը, քաղաքացիներին»,- նշել է ՀԿ նախագահը։
Դիտում՝ 4452
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW