Անելիք Բանկն այսօր հյուրընկալել է «Իմ ֆինանսների ամիս 2016» ծրագրի ավելի քան 50 մասնակիցների, որոնց համար կազմակերպվել է «Ինչպե՞ս են բանկերը մասնակցում տնտեսության եւ հասարակության զարգացման գործընթացին» խորագրով սեմինար-քննարկում: Բանկում նշել են, որ հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է, թե ինչպես է բանկային համակարգը ինտեգրվում տնտեսական զարգացմանը, եւ ինչպես կարելի է ֆինանսների գրագետ կառավարման միջոցով խուսափել ճգնաժամերից։ Սեմինարի վերջում բոլոր մասնակիցներին հանձնվել են ֆինանսների կառավարման վերաբերյալ գրքեր, ինչպես նաեւ մասնակցության հավաստագրեր։«Անելիք Բանկը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս, սիրով միացել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրին: Այս տարի եւս որոշեցինք առավել անմիջական շփում կազմակերպել ծրագրին մասնակցող երիտասարդների հետ` նրանց առավել մանրամասն ծանոթացնելով մեր բանկի, եւ առհասարակ հայկական ֆինանսաբանկային համակարգի հետ»,- ասել է Անելիք Բանկի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:Նա հույս է հայտնել, որ բանկը կարողացել է նրանց առավել մատչելի ներկայացնել բանկային ոլորտը եւ օգնել բանկային ծառայություններից օգտվելիս լինել առավել իրազեկված։ «Մեզ համար հատկապես ուրախալի է, որ մասնակիցներից ոմանք արդեն երկրորդ անգամ է, որ այս ծրագրի շրջանակում հյուրընկալվում են Անելիք Բանկ»,- նշել է Աստղիկ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս միամսյակի ընթացքում սա թվով երկրորդ նման սեմինարն է, որ կազմակերպել է Անելիք Բանկը: «Կենտրոնական բանկում, ապրիլի 21-ին տեղի է ունենալու եւս մի սեմինար, որին սիրով հրավիրում ենք մասնակցել բոլոր ցանկացողներին»,- ասել է Անելիք Բանկի ներկայացուցիչը։ Tweet Դիտում՝ 6498