«Հայաստանի զարգացման հիմնադրամի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատրյանն այսօր ասել է, որ այս տարի ակնկալվում է զբոսաշրջության աճ:Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ մասնավորապես՝ Իսպանիայից եկող զբոսաշրջիկների թիվը կավելանա 5-7%-ով, Գերմանիայից եկողներինը՝ 18%-ով, իսկ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներինը՝ 23%-ով:Նա զբոսաշրջության սպասվող աճը պայմանավորել է միջազգային երեք զբոսաշրջային ցուցահանդեսներով: Արման Խաչատրյանի խոսքով՝ դրական զարգացումներ են սպասվում նաեւ հիմնադրամի գործունեության թիրախ համարվող արտահանման եւ ներդրումների ոլորտում: Մասնավորապես՝ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում Հայաստանի՝ Սան Ֆրանցիսկոյում կայացած ցուցահանդեսի մասնակցության արդյունքում ունեցած պայմանավորվածությունների եւ գործարար կապերի հաստատմամբ ոլորտում այս տարի կդիտվի 25% արտահանման աճ:«Արտահանման աճ կդիտվի նաեւ գյուղմթերքի եւ սննդի բնագավառում: Տարբեր ցուցահանդեսների եւ գործարար կապերի արդյունքում նախատեսվում է խոշոր կազմակերպությունների համար արտահանման 10% եւ փոքր ընկերությունների համար՝ 30% աճ: Գերմանիայում կայացած գինեգործության ցուցահանդեսի մասնակցության եւ կապերի հաստատման արդյունքում նախատեսվում է 5-7% արտահանման ծավալի աճ: Իսկ տեքստիլի եւ նորաձեւության ոլորտում ունեցած գործարար կապերի շնորհիվ առաջիկա 1-3 տարիների ընթացքում սպասվում է մոտ $3 մլն-ի արտահանման ծավալի աճ»,- ասել է նա:Ներդրումային ծրագրերից Արման Խաչատրյանն առանձնացրել է շվեյցարական դեղագործական ընկերության հետ €10-15 մլն արժողությամբ եռամյա ծրագիրը: Անդրադառնալով ներդրումների ու արտահանման ծավալի կրճատման խնդիրներին՝ նա նշել է, որ դրա համար օբյեկտիվ պատճառ է արտահանման մեծագույն շուկաներից մեկի՝ Ռուսաստանի շուկայի կառուցվածքի, ինչպես նաեւ սպառման, տնտեսվարողների գործունեության, վարքագծի փոփոխությունը:«Դրանք ուղղակիորեն ազդում են մեր տնտեսության վրա: Անցումային փուլն իր ազդեցությունն ունեցավ մեր տնտեսվարողների եւ սպառողների վարքագծի վրա: Կարծում եմ, հիմա մտնում ենք կայունացման փուլ, որը տարեվերջին կբերի շատ ավելի դրական միտումների»,- ասել է նա:Արման Խաչատրյանը նշել է, որ հիմնադրամը ներկայում ունի ներդրումային մի քանի մեծամասշտաբ ծրագիր, որոնք կներկայացնի առաջիկայում: Tweet Դիտում՝ 2448