Վրաստանի ու ԵՄ-ի միջեւ առկա ազատ առեւտրի մասին պայմանավորվածությունը դռներ է բացում դեպի աշխարհի ամենակայուն եւ մեծ շուկաներից մեկը ոչ միայն Վրաստանի, այլեւ Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար:Այս մասին Մեդիամաքս-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, որը փետրվարի 1-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: «Որքան մոտ լինի Եվրամիությունը Հայաստանի սահմաններին, այնքան դյուրին կլինի ԵՄ-ի շուկա հասցնել հայկական արտադրանքը: Մենք ԵՄ-ի հետ պայմանավորվածությունը չենք դիտարկում որպես պատնեշ մեր երկրների հարաբերություններում: Կարծում ենք՝ Վրաստանը ամբողջ տարածաշրջանի համար կամուրջ կլինի դեպի ԵՄ՝ կրճատելով ճանապարհը դեպի եվրոպական առավելություններ: Հուսով եմ, որ հայկական կողմը ԵՏՄ-ում ներգրավվելիս առաջնորդվում էր նույն սկզբունքներով: Մնացածն արդեն կախված է մեր գործարարների հմտություններից»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը:Անդրադառնալով Հայստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառությանը՝ Դավիթ Ուսուպաշվիլին նշել է, որ 2013թ. այն աճել է 50%-ով: «Աճի դինամիկա կար նաեւ 2014թ., թեեւ, իհարկե, ներուժն ամբողջությամբ յուրացված չէ: Օրինակ, տնտեսական որոշ նախագծեր կարելի է իրականացնել տարածաշրջանային ընդհանուր համատեքստում: Դա կմեծացներ մեր արտադրության մրցունակությունը միջազգային շուկաներում: Վրացական ու հայկական տուրօպերատորները կարող են միասնական փաթեթ առաջարկել օտարերկրացի զբոսաշրջիկներին: Դա կարող է զգալիորեն բարձրացնել զբոսաշրջիկների հոսքը տարածաշրջանում: Սակայն դրա համար նախ պետք է լավ ուսումնասիրել բոլոր ոլորտները, հանգամանորեն քննարկել համանման բոլոր գաղափարները, ամեն բան ճիշտ հաշվարկել եւ վերլուծել, որ որոշենք՝ ինչ տեղ կարող է զբաղեցնել զբոսաշրջության ոլորտում կովկասյան պրոդուկտը»,- ասել է Դավիթ Ուսուպաշվիլին:Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ: Tweet Դիտում՝ 6071