ՀՀ կառավարությունն այսօր որոշել է հետ վերցնել Երեւանի Նալբանդյան 128 հասցեում գտնվող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից 275 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածք եւ 10 տարի ժամկետով հանձնել այն Բրիտանական բիզնես- դպրոցին:Ինչպես նշվում է կառավարության որոշման հավելվածում, «դպրոցը նպատակ ունի դառնալ միջազգային ասպարեզում ճանաչված հաստատություն, որն իր ծառայությունները կմատուցի ոչ միայն հայ ուսանողներին, այլ օտարերկրյա քաղաքացիներին` անգլերեն լեզվով»: Դպրոցը հավակնում է մագիստրոսական կրթական ծրագրերի ուսուցման ասպարեզում դառնալ միջազգային մակարդակի դպրոց: Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշել էր, որՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն (ՀՊՏՀ) ու բրիտանական Globe Education (GB) ընկերությունը համատեղ կհիմնադրեն «Հայաստանում բրիտանական բիզնես դպրոց» ՓԲԸ:«Շուրջ մեկ տարի է, ինչ բանակցում ենք Globe Education (GB) կազմակերպության հետ եւ ուրախալի է, որ այսօր կառավարությունը թույլատրեց մեզ իրականացնել համատեղ մագիստրոսական ծրագիր: Այս նախագիծը կարեւոր է Հայաստանի համար, քանի որ նման բիզնես-դպրոց հիմնելով` մենք հենց Հայաստանում միջազգային կրթություն ստանալու հնարավորություն ենք տալիս ոչ միայն մեր երկրի քաղաքացիներին, այլեւ տարածաշրջանի ուսանողներին: Սա Հայաստանի կրթական համակարգի հեղինակության բարձրացմանը միտված լուրջ քայլ է եւ հավակնոտ ծրագիր»,- ասել էր ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:Globe Education (GB)-ի գործընկերները բրիտանական չորս բուհեր են, որոնցից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցելու է Քարդիֆի Մետրոպոլիտեն համալսարանը: Համատեղ բիզնես-դպրոցի մագիստրոսական ծրագիրն իրականացվելու է անգլերեն լեզվով՝ Globe Education (GB)-ի ծրագրով, որը նախատեսում է 6 պարտադիր մոդուլներ եւ 2 ընտրովի, որոնք հնարավոր է ընտրել 3 հնարավոր մոդուլներից:Ուսանողին հնարավորություն է տրվում նաեւ ընտրել ավարտական աշխատանքը, որը կարող է լինել մագիստրոսական թեզ, ուսումնասիրություն կամ բիզնես-պլանի մշակում: Հեռակա դասընթացը նախատեսվում է անցկացնել վեց շաբաթը մեկ՝ 3 օրով՝ ուրբաթ երեկոյան, շաբաթ եւ կիրակի օրերն ամբողջությամբ, որից հետո ուսանողը կունենա 6 շաբաթ ժամանակ՝ տվյալ մոդուլի կուրսային աշխատանքի ներկայացման համար:Ուսումնառության 18 ամիսների ընթացքում ուսման վարձը վճարած ուսանողը հնարավորություն է ստանում մոդուլներից ցանկացածի ընթացքում ընդգրկվել Globe Education (GB)-ի որեւէ մասնաճյուղում` Լոնդոնում, Բելգրադում, Կուալա Լամպուրում, Հոնգ Կոնգում: Tweet Դիտում՝ 5744