Ֆինհաշտարարը արտագնա հանդիպում էր կազմակերպել բանկերի համար

02.07.2013 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ֆինանսական համակարգի հաշտարարի նախաձեռնությամբ հունիսի 29-30-ին Աղվերանում կայացել է հանդիպում-քննարկում բանկերի այն մասնագետների հետ, որոնք պատասխանատու են Հաշտարարի հետ հարաբերությունների համար: Հրավիրված բանկերից հանդիպմանը ներկա է եղել 26 մասնակից` ներկայացնելով թվով 18 բանկ:

Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով հանդիպման նպատակն ու արդյունքները՝  Ֆինանսական  համակարգի հաշտարարի գրասենյակից հայտնել են, որ հանդիպման նպատակն էր հնարավորություն ընձեռել բանկերի եւ Գրասենյակի մասնագետներին ծանոթանալ միմյանց, քննարկել վիճահարույց հարցերը, հաստատել համագործակցության նոր եզրեր եւ ձեւավորել փոխվստահության վրա հիմնված գործընկերային հարաբերություններ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հաշտարարի կողմից բանկերի դեմ քննած տիպային գործերի օրինակներ եւ յուրաքանչյուրի համար ձեւավորված Հաշտարարի դիրքորոշումը, ամփոփված գործարար շրջանառության սովորույթները, տեղեկատվություն` 2009 թ-ից մինչ օրս Գրասենյակ ներկայացված բողոքների եւ քննության ընդունած պահանջների վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Գրասենյակի քառամյա գործունեության շրջանակներում իրականացված եւ 2013-ին իրականացվելիք ծրագրերին:

Անդրադարձ է կատարվել նաեւ գրավի իրացման ժամկետներին, հաջորդող գրավի իրավունքին, սուբյեկտիվ պատճառներով վարկի դասակարգմանը, մահացած հաճախորդների դեպքում ավանդների եւ վարկերի տոկոսների հաշվարկին, առանց հանձնարարականի բանկային հաշվից միջոցների դուրսգրմանը, երրորդ անձանց անունով կնքած ավանդային պայմանագրերին, offline գործարքներին, քարտային զեղծարարությանը եւ այլն:

Քննարկման շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն է ունեցել  արտահայտել իր մասնագիտական դիրքորոշումն ու ներկայացնել համապատասխան բանկում գործող պրակտիկան: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը նախատեսում է նմանատիպ հանդիպումները դարձնել ավանդական:

Դիտում՝ 2234
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai