Հայաստանի տնտեսության մեջ նկատվում են դրական կառուցվածքային փոփոխություններ – փորձագետ

21.04.2011 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Չնայած 2011թ. մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը չի փոխվել անցյալ տարվա նույն ամսի հետ համեմատ, սակայն կառուցվածքային փոփոխությունները դրական են, քանի որ շինարարության եւ ծառայությունների ոլորտներում անկումը չեզոքացվել է արդյունաբերական արտադրանքի աճով:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը:

Նրա կարծիքով, դրական միտում է նաեւ արտահանման աճը, որն ընթանում է ավելի արագ տեմպերով, քան ներմուծումը:

Մանուկ Հերգնյանը նշել է, որ տնտեսության աճի դանդաղեցման մեջ դերակատարում ունի նաեւ ներդրումային ակտիվության նվազումը` պայմանավորված անկայուն իրավիճակով եւ սպասելիքներով, որոնք, իրենց հերթին, կապված են քաղաքական ցիկլի հետ: «Որպես կանոն, որքան մոտենում են ընտրությունները, այնքան նվազում է ներդրումային ակտիվությունը»,- ասել է Մանուկ Հերգնյանը:

Փորձագետը չի բացառել նաեւ տնտեսական աճը զսպելու վրա խիստ դրամավարկային քաղաքականության ազդեցությունը, նշելով, սակայն, որ այն ազդում է որոշակի ժամանակային լագով եւ, հետեւաբար, դեռեւս չի կարող ամբողջապես արտացոլվել մարտին գրանցված տնտեսական ցուցանիշներում:

«Կարծում եմ, Հայաստանում դրամավարկային քաղաքականությունն այնքան էլ արդյունավետ չէ` գների աճը զսպելու տեսանկյունից, քանի որ դրամավարկային փոխանցման մեխանիզմը Հայաստանում չի գործում նույնպիսի արդյունավետությամբ, ինչպես զարգացած երկրներում: Փոխարենը, խստացումը ուղղակի ազդեցություն է ունենում վարկային ակտիվության վրա»,- ասել է Մանուկ Հերգնյանը:

Ըստ փորձագետի, Հայաստանի տնտեսության հետճգնաժամային վերականգնումը տեղի է ունենում շատ դանդաղ, ինչը պայմանավորված է մեր երկրի տնտեսության հիմնարար կառուցվածքային խնդիրներով: 

«Ճգնաժամին նախորդող 10 տարիների ընթացքում տեղի էր ունենում արագ տնտեսական աճ, սակայն չէին լուծվում տնտեսության ֆունդամենտալ կառուցվածքային խնդիրները: Այս խնդիրներն իրենց զգացնել են տվել ճգնաժամի ընթացքում եւ շարունակում են զգացվել հիմա»,- ասել է «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի տնօրենը:

Դիտում՝ 7226
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai